29 ապրիլի 2022
Պարզաբանում
www.168.am կայքի հրապարակման վերաբերյալ

2022 թվականի ապրիլի 27-ին www.168.am կայքում հրապարակված «Կառավարության նիստում բոլորը լուռ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հրապարակում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:

Եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած տվյալների կեղծ լինելու և իրականությանը չհամապատասխանելու մասով հոդվածում առկա ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ պետական բյուջե 2018 թվականին եկամտային հարկի մասով հավաքագրվել է շուրջ 361 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին` շուրջ 458 միլիարդ դրամ: Այսինքն` տարբերությունը կազմում է շուրջ 97 միլիարդ դրամ, ինչպես հնչեցվել է ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

Իր պաշտոնական կայքում  հարկատեսակների մասով  «ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտներ» աղյուսակում ՊԵԿ-ը հրապարակում է պետական բյուջեի եկամուտ համարվող ցուցանիշները, որի մեջ, ինչպես նշված է նույն աղյուսակի ստացման մեթոդաբանությունում, ներառված չեն հավաքագրված և հարկ վճարողներին վերադարձված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարները:

Մասնավորապես՝ ՊԵԿ պաշտոնական կայքում 2018 թվականի համար հրապարակված տեղեկանքի «Եկամտային հարկ» տողում արտացոլված է 357 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականի համար հրապարակված  տեղեկանքում`  426 միլիարդ դրամ: Նշված երկու ցուցանիշները ստացվում են եկամտային հարկի գծով հավաքագրված եկամուտներից նվազեցնելով (հանելով) պետական բյուջեից փոխհատուցվող եկամտային հարկի գումարները, որոնք 2018 թվականին կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին`  32 միլիարդ դրամից ավելի, ինչպես նշվել է ՀՀ վարչապետի խոսքում: Այսինքն, եկամտային հարկի գծով 2018 թվականին հավաքագրվել է 361 միլիարդ դրամ, որից վերադարձվել 5 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին հավաքագրվել` 458 միլիարդ դրամ և վերադարձվել` 32 միլիարդ դրամ: Արդյունքում, եկամտային հարկի մասով պետական բյուջե է հաշվեգրվել  2018 թվականին` 357 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին` 426 միլիարդ դրամ  եկամուտ:

Հետևաբար եկամտային հարկի տվյալների խեղաթյուրման մասով պնդումները հիմնազուրկ են: Այս թեմայով առավել ճշգրիտ  վերլուծություններ կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել «հավաքագրված հարկ», «վերադարձված հարկ» և «եկամուտ ճանաչված հարկ» հասկացությունները: 

Աշխատատեղերի և աշխատավարձերի վերաբերյալ հոդվածում առկա ձևակերպումների մասով հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված ցուցանիշներն ամբողջությամբ համապատասխանում են հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հայտարարագրվող ցուցանիշներին: Դրանց համեմատության արդյունքում 2022 թվականի մարտ ամսվա հաշվարկով հայտարարագրված ցուցանիշները կարելի է բնորոշել «ռեկորդային». դրանք  զիջում են միայն 2021 թվականի դեկտեմբեր ամսվա հաշվարկով հայտարարագրված ցուցանիշներին: