12 փետրվարի 2020
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի հոդվածի վերաբերյալ

«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 12-ի՝ «ՊԵԿ նախագահին մեղադրում են հովանավորչության մեջ» հրապարակման առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հայտնել, որ հոդվածում առկա են փաստական անճշտություններ և անհեթեթ պնդումներ, որոնք լիովին ձևախեղում են խնդրի էությունը: Այդ մասին՝ ըստ հերթականության: 

Հոդվածում նշվում է, որ «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերությունը դիմել է «Բագրատաշենում և Բավրայում անմաքս առևտրի կետեր բացելու իրավունք ստանալու համար», մինչդեռ իրականությունն այն է, որ այդ ընկերությունը դիմել է բոլորովին այլ վայրերում՝ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի և ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի սահմանային անցակետերում անմաքս առևտրի խանութներ հիմնելու մտադրությամբ: Առնվազն տարօրինակ է, որ «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության տնօրենը ծանոթ չէ ՊԵԿ-ին ուղղված իր սեփական նամակի բովանդակությանը՝ Բագրատաշենն ու Բավրան «շփոթելով» Մեղրիի և Գոգավանի հետ: Բնավ չենք ցանկանում հավատալ, որ «Պանտեռա Դյութի Ֆրի»-ի ղեկավարի կողմից աշխարհագրական տեղանունների տարընկալումը միտումնավոր է եղել՝ նպատակ ունենալով կապ ստեղծել այս պարզաբանման հաջորդ մասի հետ և ընթերցողին գցել թյուրըմբռնման մեջ:

Հաջորդ փաստն այն է, որ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նշված վայրերում «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությունը մտադիր է կառուցել անմաքս առևտրի խանութներ՝ ներդնելով 4 մլն եվրո: Հետևաբար պարզ չէ, թե «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության տնօրենն ինչու է դժգոհում ՊԵԿ նախագահի ներկայացրած նախագծից, չէ որ դրանում խոսք անգամ չկա Մեղրիի և Գոգավանի մասին, որտեղ «Պանտեռա Դյութի Ֆրի»-ն ցանկանում է հիմնել անմաքս առևտրի խանութներ: Վերստին ընդգծում ենք, որ ՊԵԿ նախագահի ներկայացրած նախագիծը որևէ կերպ չի առնչվում կամ խոչընդոտում Մեղրիում և Գոգավանում անմաքս առևտրի խանութներ հիմնելու «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության մտադրությանը:

Անդրադառնանք հոդվածում առկա հաջորդ վիճահարույց հարցին: «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության հիմնադիրը պնդում է, որ 2 տարի առաջ դիմել է ՊԵԿ-ին Մեղրիում և Գոգավանում անմաքս առևտրի խանութներ բացելու նպատակով հողհատկացման համաձայնություն և թույլտվություն ստանալու համար, բայց «նրա նամակներին չեն պատասխանել կամ ուղարկել են ոչինչ չասող ձևական պատասխան»: Այս պնդումը ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ նշված խնդրով դիմած բոլոր 4 ընկերություններին ՊԵԿ-ը պատասխանել է, որ մաքսակետերում կառանձնացվեն համապատասխան տարածքներ և, ՀՀ կառավարության համաձայնությունից հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, համայնքների ղեկավարների կողմից կիրականացվեն հողհատկացման գործընթացներ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում ծավալված քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել անմաքս առևտրի խանութներ հիմնելու գործընթացն իրականացնել մրցութային կարգով՝ ներգրավելով նման պատրաստակամություն հայտնած և սահմանված պահանջները բավարարող բոլոր ընկերություններին: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ նախատեսվում է արդիականացնել և վերակառուցել ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը, որի շրջանակում քանդվելու են առկա շենք-շինությունները և կառուցվելու է նորը: Մեղրիի մաքսակետում նախատեսվում են նաև տարածքներ անմաքս առևտրի խանութների համար: Հաշվի առնելով նշված հանգամանքը` «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերությանը տեղեկացվել է, որ Մեղրիի սահմանային անցակետում անմաքս առևտրի խանութ կառուցելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ արդիականացման և վերակառուցման ծրագրի ավարտից հետո: Ամփոփելով վերոնշյալը, ակնհայտ է դառնում, որ ՊԵԿ ղեկավարությանը հովանավորչության մեջ մեղադրելը կատարյալ անհեթեթություն է: ՊԵԿ-ի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ անհրաժեշտ է առավել ուշադիր ուսումնասիրել առկա փաստերը, այդ թվում՝ սեփական նամակները, զերծ մնալ անհիմն պնդումների ճանապարհով խառնաշփոթ ստեղծելու և այդ կերպ սեփական ծրագրերն առաջ մղելու գործելաոճից: