10 հունիսի 2019
Բաց դաս Պետական եկամուտների կոմիտեում
Առաջնորդության դպրոցի ունկնդիրներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: 

Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big data)  վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգի առանձնահատկություններին: Ներկայացվել են նաև ռիսկերի և ժամանակի կառավարման հայեցակարգերը, «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող Ռիսկերի կառավարման համակարգը և ձեռքբերումները: 

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս նախաձեռնել նման միջոցառումներ: