26 մարտի 2009
Ռ.Քոչարյան. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կարող է ծավալվել տնտեսության բոլոր ոլորտներում»
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի Ներքին դիտարկումների ԵՎ վերասկողության վարչությունն այս օրերին լանածավալ հսկողական միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքում:
Հարկային մարմինների նոր բացահայտումները
 
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի Ներքին դիտարկումների և վերասկողության վարչությունն այս օրերին լանածավալ հսկողական միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքում: Կոմիտեի նախագահի հանձնարարականով պետք է հայտնաբերվեն բոլոր նրանք, ովքեր փորձ են անում ձեռնարկատիրական գործունեություն ծավալել` շրջանցելով օրենսդրությունը:
 
Վերջին 2 օրերի արդյունքը բացահայտված մի շարք դեպքեր, որոնց շուրջ լրագրողներին պարզաբանումներ է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ ապօրինի ձեռնարկատիրություն կարող է ծավալվել տնտեսության բոլոր ոլորտներում` մանրածախ առևտրից մինչև հացի և աղի արտադրություն:
 
Ստուգայց հացի արտադրամասում. հարուցվել է վարչական վարույթ
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ  Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր:

Ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա նախ ստուգայց է կատարվել Սարի թաղի 9-րդ շարքի 166 տանը: Արդյունքում պարզվել է, որ այդտեղ` 120քմ տարածքում, իրականացվել է հացամթերքի արտադրություն` հարկային օրենսդրության պահանջների խախտմամբ: Ապօրինի գործունեությունը ծավալել է Ա/Ձ Արտավազդ Վարդգեսի Խաչատրյանը: Հացի փուռն ունեցել է 5 աշխատող. նրանցից ոչ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով   ձևակերպված չի եղել: Հենց նշված փռից էլ կանխիկ դրամով իրականացվել է հացամթերքի վաճառքը` առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի և շրջանառությունն արտացոլող հաշվապահական գրանցամատյանի: Կատարվում է քննություն:
 
Ստուգայց աղի արտադրամասում

Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցների հաջորդ ստուգայցը Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀՏ-ում հաշվառված Ա/Ձ Ամալյա Խուդոյանի մոտ էր: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, նա` իր բարեկամ Հովիկ Հախնազարյանի հետ, իրականացրել է աղի մանրացման, տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներ, այնինչ 2008թ.-ի հունվարից հայտարարություն է ներկայացրել գործունեություն չիրականացնելու վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ Երևանի Աղի հանքից ձեռք է բերել 4 տոննա աղ, որն իրենք տեսակավորել, փաթեթավորել և կանխիկ դրամով վաճառել են` Աղի հանքի Այգեգործական ընկերության թիվ 184 հասցեից: Եվ դա դարձյալ իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենայի և համապատասխան գրանցամատյանի բացակայության պայմաններում: Այսինքն` այդպիսով ապօրինի ձեռնարկատերը խուսափել է ցույց տալ իրական շրջանառությունը և վճարել պահանջվող հարկերը: Հարուցվել է վարչական վարույթ:
 
Տարբեր ապրանքնատեսակների վաճառք` առանց հարկային մարմիններում հաշվառվելու.  բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալած օտարերկրյա քաղաքացի
 
Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցների ստացած մյուս օպերատիվ տեղեկատվությունն էլ վերաբերում է Բելգիայի քաղաքացի Գրիգոր Ոսկանյանին:

Իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը:

Ստուգմամբ պարզվել է, որ Գ.Ոսկանյանը ապօրինի իրականացրել է կենցաղային տեխնիկայի, խաղալիքների, խոհանոցային պարագաների և այլ ապրանքատեսակների վաճառք: Ապօրինի գործունեությունն իրականացվել է Արշակունյաց 34/1 հասցեում վարձակալած շուրջ 120քմ տարածքում: Նշված ապրանքատեսակները` շուրջ 20 հազար եվրո արժողությամբ, Բելգիայի քաղաքացին ստացել է եվրոպական երկրներից և վաճառել նշված հասցեից, մինչդեռ նա հաշվառված չի եղել ՀՀ հարկային մարմիններում:
 
Գրիգոր Ոսկանյանի մոտ ստուգումները շարունակվում են:

Կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանն ընդգծել է, որ հսկողական այս միջոցառումները շարունակական են լինելու: Ընդ որում, ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն տնտեսվարողներն, այլ նաև հարկային ծառայողները: