01 ապրիլի 2009
Ձկնաբուծության ապօրինի դեպքերի բացահայտում Կատարվում է քննություն, միաժամանակ` բացատրական աշխատանքներ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում են նաԵՎ ձկնային տնտեսությունները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում են  նաև ձկնային տնտեսությունները: Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության շրջայցերը ձկնաբուծարաններ սկսված են. այս օրերին վարչության աշխատակիցները ստուգայցեր են կատարել մի քանի տասնյակ ձկնաբուծարաններ: Արդյունքում այս ոլորտում ևս բացահայտվել են մի շարք ապօրինություններ:

Ապօրինի դեպքերն օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն արձանագրել են Կոտայքի մարզում: Մի դեպքում ապօրինի ձկնաբուծության և վերավաճառքի գործունեություն էր ծավալվել Գետամեջ գյուղում` Ռուբեն Ղուկասյանի կողմից, մյուս դեպքում էլ ձկնաբուծության նախաձեռնողը Գառնիի բնակիչ Գագիկ Բաղդասարյանն էր, ով տվյալ գործունեությամբ զբաղվելու հայտարարություն չի ներկայացրել, սակայն գրանցված է ՏՀՏ-ում (տարածքային հարկային տեսչություն) որպես  անհատ ձեռնարկատեր, և շուրջ 2 ու կես տարի առևտրային գործունեությունը դադարեցված է:

Ապօրինի գործունեության հայտնաբերված դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: Թեմայի շրջանակներում լրագրողներին հարցերին պատասխանել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀԾ Հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանը: Նա տեղեկացրել է, որ այս փուլում հարկային մարմինների կողմից` ստուգայցերին զուգահեռ  տարվում են նաև նախազգուշական աշխատանքներ: «Մեր նպատակը տնտեսվարողին պատասխանատվության ենթարկելը չէ, այլ առաջին հերթին ծանուցելը, որ օրենսդրությունը փոփոխվել է»:

Տնտեսվարող սուբյեկտներին հիշեցվում է այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք, ինչպես հայտնի է, ընդգրկում են նաև գյուղատնտեսական ոլորտը. այն ևս հարկվում է (ԱԱՀ չի վճարվում, եթե համախառն եկամուտը չի գերազանցում սահմանված 58,35 մլն դրամի շեմը):

Տնտեսվարողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ, հարկ եղած դեպքում նրանց ժամանակ է տրվում` օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառվելու, պետական գրանցում ստանալու և գործունեությունը օրինական հիմքերի վրա ծավալելու համար:Այս պահանջը չկատարելու դեպքում արդեն պատասխանատվության կիրառումն անխուսափելի է: