24 հունվարի 2011
Հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը:

Այսպես, Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» ամվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում` առանց համապատասխան լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում: 

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաև «OK ROOM» բար-սրճարանը: Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում  գործող սրճարանն ապօրինի է և չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը` այցելուներին սպասարկելով հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկային մարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից:
Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ` կապարակնքված: 

Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարի արտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն`  գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:

Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրությունն էլ ծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց պետական գրանցման  զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրահանմամբ և մսամթերքի իրացմամբ: Գործունեությունն այս պահին դադարեցված է: 
Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով տետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: