18 հունվարի 2011
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2010թ. նոյեմբեր ամսվա ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի,  որի արդյունքում պարզվել է.

1. Իրացումից հասույթը 2010թ.–ի նոյեմբեր ամսին կազմել է 186.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 1.0 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 201 կազմակերպությունների մոտ` 32.5 մլրդ դրամով և նվազել 123-ի մոտ` 34.2 մլրդ դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 33.7 %–ով և կազմել 56.5 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 127 կազմակերպությունների մոտ շուրջ 20.3 մլրդ դրամով և նվազել` 83-ի մոտ համապատասխանաբար 47.9 մլրդ դրամով:

3. Արտահանման ծավալները 2010թ.-ի նոյեմբերին կազմել է 27.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 20.1 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 7.6 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի նոյեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 46.0%–ը:

5. 2010թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 124.4 մլն դրամի չափով:

6. Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 3.0 %-ով և կազմել է 111586 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 0.9 % աճ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա նկատմամբ:

7. 01.12.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 48.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.6 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 3080.7 մլն դրամի չափով: