Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Ամպային հաշվարկ» (Cloud computing) թեմայով հանդիպմանը, որին մասնակցել են տարբեր երկրների ավելի քան 190 ներկայացուցիչներ։
Աշոտ Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է ՊԵԿ-ում տեղեկատվական համակարգերի ներդրմանը և այդ ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերին, որոնց լուծումը գտնվել է աշխատանքի կազմակերպումը ամպային պահոցներով իրականացնելու միջոցով։
Պետական եկամուտների կոմիտեն ավելի քան տասը տարի ընթանում է թվայնացման ուղղությամբ։ Տարիների ընթացքում հավաքագրված տեղեկատվության ծավալի ավելացման, հավելվածների քանակի և սարքավորումների ծանրաբեռնվածության աստիճանը գնահատվել է բարձր: Իսկ այսօր համակարգային լուծումների շնորհիվ Կոմիտեն ունի ժամանակակից տվյալների երկու կենտրոն և առցանց ծառայություններ է մատուցում պետական այլ կառույցներին։
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ այժմ Կոմիտեում աշխատում են բարձր որակավորմամբ ոլորտային մասնագետներ, որոնք իրենց ձեռք բերած փորձն ու հմտությունները կարող են հաջողությամբ կիրառել նաև այլ մարմիններում։