21 նոյեմբերի 2022
ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում
Մասնագիտական բարձր նշաձող. մաքսային ԵՎ հարկային համակարգերը նոր որակի կադրեր կունենան

Մաքսային համակարգը համալրվում է նոր որակի ծառայողներով։ Գործընթացի մեկնարկը տրվել է այս տարվա սկզբին, երբ հայտարարվել է նոր որակի դասընթացների ու վերապատրաստումների մասին։  Տարեսկզբից մեկնարկած դասընթացներին մասնակցելու համար դիմել էր 2 հազարից ավելի քաղաքացի։ Համապատասխան փուլերն անցնելուց, առաջադրանքները հաջողությամբ կատարելուց հետո արդեն բուն դասընթացներին մասնակցել է 250 հոգի։

Դասընթացները հաջողությամբ ավարտածներն ու հավաստագրեր ստացածներն օրերս համալրել են մաքսային ծառայության աշխատակազմը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը հայտնեց, որ խոսքը 100-ից ավելի աշխատակցի մասին է: Ի դեպ, դասընթացներին մասնակցել են նաև արդեն իսկ համակարգում գործող աշխատակիցները։

«Ամբողջ համակարգի աշխատակիցներին միանգամից չէինք կարող ներգրավել այս գործընթացում, հետևաբար, աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով։ Նախ, այս գործընթացն սկսեցինք Արարատյան մաքսատուն վարչությունում, որի աշխատողները ստիպված եղան անցնել տվյալ պրոցեսներով։ Ըստ էության՝ դասընթացին մասնակցելը պարտադիր էր՝ հետագայում իրենց պաշտոնը պահպանելու համար։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ դասընթացներին մասնակցել են նաև այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնց համար, ըստ էության, այս փուլում պարտադիր չի եղել»,-ասաց  Ծովինար Սողոմոնյանը։

Նոր ձևավորված վարչության՝ շուրջ 42 տոկոսը կանայք են։ Նոր աշխատողների զգալի մասը մինչև 35 տարեկան անձինք են։ Դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք ստանում են համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է երեք տարի։

Նոր որակի դասընթացների նպատակը գործնականում ազնիվ, անշահախնդիր, պրոֆեսիոնալ, քաղաքացիակենտրոն մաքսային ծառայող ունենալն է։ Ծովինար Սողոմոնյանի խոսքով՝ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է։ Ներկայում այն լավարկելու, մասնակիցներից, դասախոսներից ստացված առաջարկները դիտարկելու փուլում են։ Հաջորդիվ, այս նոր որակի դասընթացներն անցկացվելու են նաև այլ մաքսատների աշխատակիցներին ներգրավելու, նոր կադրեր ունենալու համար։

Կադրային փոփոխությունը մաքսային բարեփոխումների ծրագրի միայն մեկ բաղադրիչն է։ Այն փոխկապակցված է բիզնես պրոցեսների վերանայման կամ թվայնացման գործընթացի հետ։ Մաքսային բարեփոխումների շրջանակում ներդրվել է նախնական հայտարարագրման ինստիտուտը, երբ տնտեսվարողներն անհրաժեշտ տեղեկատվությունը մաքսային մարմիններին ներկայացնում են նախապես, և արդեն սահմանահատումն իրականացվում է ավելի կարճ ժամկետներում։ Այստեղ գործընթացի բարելավման էական արդյունք է գրանցվել։

Մաքսային ծառայությունում կադրային նոր քաղաքականության հաջող փորձը ներդրվում է նաև հարկային համակարգում։ Հարկային նոր ծառայողներ ընդունելու գործընթացի մեկնարկը տրված է։   

Մանրամասները՝ տեսանյութում: