26 հոկտեմբերի 2022
Հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները ԵՎ թեմատիկ ուսումնասիրությունները հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին արձագանքել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերին

Պետական եկամուտներին կոմիտեն հայտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝  հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր`  «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի  իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես կամերալ ուսումնասիրության՝  հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները: Ընդ որում, հարկ վճարողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով  սահմանվել է, որ  թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ և հարկ վճարողը նախապես ծանուցվելու է հարկվող գործարքներին վերաբերող կամերալ ուսումնասիրության արդյունքներին:

Այսուհետ թեմատիկ ուսումնասիրությամբ հարկային մարմինը լիազորվել է բացառապես կամերալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հարկային հաշվարկներ չներկայացրած կամ թերի ներկայացրած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել չհայտարարագրած հարկային պարտավորություններ: Հարկային ուսումնասիրության այս տեսակը կօժանդակի վերհանել կարգազանց տնտեսավարողներին` ապահովելով հավասար գործարար միջավայր տնտեսվարողների համար: 

Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված, ուստի հետագա տուգանքներից խուսափելու համար, կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին  ավելի հաճախ ստուգեն իրենց անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը և պատշաճ արձագանքեն դրանց: Միաժամանակ, հարկ վճարողները հնարավորություն ունեն մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում: