24 հոկտեմբերի 2022
2022թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ
Նախորդող տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ ցուցանիշ

2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով: 

Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամիսներին  շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝

  • հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից,
  • ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35%-ով:

2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8%-ը։