20 օգոստոսի 2021
Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:  

Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի  քննչական վարչության  և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ: Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և  ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները և ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաև՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել: Նախաքննությունը շարունակվում է: 

Մանրամասները՝ տեսանյութում: