10 փետրվարի 2009
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ու Banks.am պորտալին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ու Banks.am պորտալին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ու Banks.am պորտալին

-Պարոն Խաչատրյան, տարեսկզբին ՀՀ վարչապետն ասաց, որ այսուհետ խոշոր բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում` հատկապես վերջինիս հարկային պարտավորությունների իրականացման հանդեպ ավելի խիստ վերահսկողության առումով: Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ նման հայտարարություն անելով` կառավարության ղեկավարը յուրահատուկ նախազգուշացում արեց որոշ խոշոր տնտեսվարողների: Որքանո՞վ են իրական նմանօրինակ ըմբռնումները:

-Պետք է նշել, որ ՀՀ վարչապետն առաջին անգամ չէ, որ անդրադարձել է այս խնդրին: Խոշոր բիզնեսի նկատմամբ հարկային հսկողության խստացման հարցին անդրադարձ է կատարվել նաև անցյալ տարվա օգոստոսին`ՀՀ վարչապետի և հարկային մարմնի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Եվ այդ խնդիրն իր արտացոլումն է գտել հարկային մարմնի ծրագրերում և ամենօրյա գործունեության մեջ:
Մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից հաստատված 2008-2011թթ.-ի հարկային վարչարարության ռազմավարության ծրագրով սահմանված հարկային վարչարարության յոթ հիմնական նպատակներից մեկը` խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումն է, որն էականորեն կնպաստի ամբողջ հարկային համակարգի կայացմանը: Այդ նպատակն իրագործվում է բազմաթիվ միջոցառումների միջոցով:
Մասնավորապես` ընդամենը մի քանի օր առաջ հաստատվել է խոշոր հարկ վճարողների նոր ցանկը, որում ընդգրկվել են 325 կազմակերպություններ, որոնց վարչարարությունն այս տարվա սկզբից չորս որորտային հարկային տեսչությունների փոխարեն կատարելու է մեկ` Խոշոր հարկ վճարողների գծով հարկային տեսչությունը: Խոշոր հարկ վճարողների ընտրությունը կատարվել է` հիմք ընդունելով հետևյալ չափորոշիչները` հարկ վճարողի կողմից վճարված հարկերի, առևտրային շրջանառության, տնօրինվող ակտիվների և աշխատողների թվաքանակի մեծությունները:
Ներկայումս` մշակման փուլում են գտնվում` խոշոր ապառքատերերի հետ տարվող աշխատանքների նոր մեխանիզմները, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով` գույքի և եկամուտների հայտարարագրերի միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմները, այլ պետական մարմինների հետ համագործակցության ծրագիրը, նման դեպքերի համար պատասխանատվության օրենսդրական խիստ դրույթների կիրառման հարցը, խոշոր բիզնեսի մոտ ստուգումների իրականացման ուղեցույցները, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատողների վերապատրաստման ծրագիրը և այլն:
Իսկ ընդհանրապես, չեմ կարծում, թե վարչապետի հայտարարության մեջ խոշոր տնտեսվարողների նախազգուշացման նոտան է գերակայողը, ավելի շուտ ես հասկանում եմ այն որպես պետական եկամուտների կոմիտեին ուղղված  ցուցում:
 
- Ի՞նչն է այսօր առավել անհանգստացնում Ձեզ խոշոր բիզնեսի հարկային և մաքսային պարտավորությունների խնդրի համատեքստում: Ի՞նչը չի գործում այնպես, ինչպես պետք է գործի:

-Այս հարցին կարելի է երկար անդրադարձ կատարել, քանի որ հարցը շատ տարողունակ է համառոտ կառանձնացնեի ինչպես խոշոր բիզնեսի, այնպես և ընդհանրապես բիզնեսի հարկային պարտավորությունների հաշվարկման և վճարման ընթացքում առաջացող հետևյալ խնդիրները. նրանց հարկային հաշվետվություններում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների շրջանառությունների ճիշտ արձանագրման խնդիրը, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրման հարցը, ապառքների և գերավճարների խնդիրը, գների տրանսֆերի հետ կապված խնդիրները, խոշոր բիզնեսի մոտ առանձին դեպքերում ստվերային շրջանառությունների առկայությունը, որոնք հիմնականում պայմանավորված են ապրանքների և ծառայությունների ֆիզիկական ծավալների և գների խախտումների հետ, և այլն:
Առավել ուշադրության են արժանի Հայաստանի խոշոր բիզնեսի այն խնդիրները, որոնք առաջացել և կարող են առաջանալ առաջիկայում համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով: Խոշոր բիզնեսն ունի ավելի շատ կապեր արտաքին աշխարհի հետ, ուստի հավանական է, որ ճգնաժամն ավելի  շատ կարող է անդրադառնալ նրա վրա: Օրինակ` արձանագրվել են հանքարտադրողների, առանձին արտահանողների և ներմուծողների շրջանառության ծավալների անկման դեպքեր:
Սակայն, որպես մեր տնտեսության, հատկապես խոշոր բիզնեսի համընդհանուր խնդիր, կառանձնացնեի փաստաթղթաշրջանառության ներկայիս մակարդակը, որը առանձին տնտեսվարողների մոտ հեռու է բավարար լինելուց: Փոքր բիզնեսը մեղադրում է խոշոր բիզնեսին այն հարցում, որ ապրանքներ ձեռք բերելու դիմաց փաստաթղթեր չեն տրամադրում, իսկ խոշոր բիզնեսն էլ իր հերթին մեղադրում է փոքր բիզնեսին, որ փասթաթղթեր չեն վերցնում: Երկուստեկ այս մեղադրանքների մեջ ի վերջո տուժում է նաև պետությունը, քանի որ առանց համապատասխան փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի, ՀԴՄ-ի կտրոնի, պահեստի օրդերի և այլն) աշխատելն ուղղակիորեն մեծացնում է ստվերային շրջանառությունը:

-Տպավորություն կա, որ առայսօր Հայաստանում չի ձևավորվել գործադիր իշխանության և խոշոր բիզնեսի փոխհարաբերությունները կանոնակարգող քաղաքականություն կամ հայեցակարգ, և այդ հարաբերությունները կառուցվում են` ելնելով այս կամ այն գործարրի անձնական կապերից: Եթե համամիտ եք նման ձևակերպման հետ, ապա կարելի՞ է արդյոք մշակել մի հայեցակարգ, որը կորոշեր կառավարության և խոշոր բիզնեսի հարաբերությունների հիմնական սկզբունքները:

- Ես չեմ կիսում այդ կարծիքը, և նախընտրում եմ խոսել փաստերով, քան ենթադրությունների վրա կառուցել գնահատականներ: Մինչ հարցին անդրադառնալը, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա` եթե տարիներ առաջ խոշոր բիզնեսի հետ շփումները և հարաբերությունները այնքան էլ չէին խրախուսվում, դա կապելով կասկածամտության, սուբյեկտիվիզմի երևույթների հետ, ապա ներկայումս վիճակը փոխվել է: Ներկայումս առանց բիզնեսի, հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ շփվելու, քննարկելու, կարծում եմ, հնարավոր չէ օպտիմալ լուծել վարչարարական խնդիրները և ճիշտ գնահատական տալ բարեփոխումներին: Վերջինս պետք է հարմար լինի ոչ միայն պետական մարմիններին, այլ նույն չափով և ձևով բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս տեսակետից կարևորվում են բիզնեսի ներկայացուցիչների հետ շփումները, քննարկումները և համատեղ աշխատանքների իրականացումը:
Ներկայումս ձևավորված են հստակ և նորմալ հարաբերություններ հարկային ու մաքսային մարմնի և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների միջև: Դրա համար հիմք են հանդիսանում վերջիններիս դերակատարությունը պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման գործում և նրանց մոտ անցկացվող ստուգումների արդյունքները: Վերջին տարիներին խոշոր բիզնեսի կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերում կազմում է 60%-ից ավելին: Այսինքն` խոշոր բիզնեսը կատարում է իր հիմնական հարկային պարտականությունը` կրելով պետական բյուջեի եկամուտների համար գլխավոր պատասխանատվությունը: Ուստի հարկային ու մաքսային վարչարարության գործառույթներն իրականացնելիս` հարկային և մաքսային մարմիններն աշխատում են ավելի շատ գործընկերական հարաբերություններ ունենալ իրենց հարկային պարտականությունները կատարող հարկ վճարողների հետ և շեշտը դնել ոչ թե հարկադրանքի, այլ ինքնագնահատման համակարգի ուժեղացման վրա:
Դա չի նշանակում, որ խոշոր բիզնեսը պատրաստ է սիրահոժար կատարել իր պարտականությունները: Այստեղ նույնպես առկա են մեծ ռիսկեր և անելիքներ հարկային և մաքսային մարմինների համար: Մասնավորապես խիստ անհրաժեշտություն կա ապահովելու ստվերի կրճատումը` շինարարության, հանքարդյունաբերության, լայն սպառման ապրանքների առևտրի, ենթաակցիզային ապրանքների արտադրության և ներմուծման, որոշ սննդատեսակների արտադրության բնագավառներում, իսկ սպասարկման ոլորտից` հյուրանոցների, տրանսպորտի և տուրիզմի ճյուղերում. դեռևս չի ապահովվել երկրի ներսում ներմուծումների ամբողջ տեսականու և քանակի նկատմամբ արդյունավետ վարչարարությունը. հարկ է բարձրացնել հետներմուծումային շղթայի լրիվ և ժամանակին հարկման արդյունավետությունը.պետք է լուծել` անիրական հաշվանցումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից արհեստական գերավճարների կուտակման խնդիրը, և այլն:
Ինչ վերաբերում է անձնավորված կապերին, ապա նշեմ, որ Հայաստանը` իր չափերով փոքր երկիր է, և մեզանում` ցանկացած ոլորտում որևէ չափանիշներով աչքի ընկած անձին (լինի նա` ձեռնարկատեր, պատգամավոր, նախարար, արվեստի գործիչ և այլն) ճանաչում ենք բոլորս: Ուստի այդ պարագայում ցանկացած ոլորտին կարելի տալ նման գնահատական:  
Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի հետ փոխհարաբերություններում հայեցակարգի մշակմանը, ապա մոտակա երեք տարիներին այս ոլորտում մեր քաղաքականությունները սահմանված են ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 941-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրում»: Մասնավորապես` խոշոր հարկ վճարողների առումով որդեգրված են երեք քաղաքականություններ. նման հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցումը, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելելը, հարկ չվճարողների բացահայտման նոր մեխանիզմի մշակումը:
Դրանք ընդհանուր առմամբ համահունչ են մնացած հարկ վճարողների հանդեպ կիրառվող քաղաքականությանը, քանի որ միասնական են հարկային վարչարարության սկզբունքները` հարկման արդարություն, որոշակիություն, հարմարություն, խնայողություն և այլն:
 
-Կարծիք կա նաև, որ եթե նման հայեցակարգ այնուամենայնիվ մշակվի, ապա այն արդյունավետ չի լինի` տնտեսության մի շարք ոլորտներում մենաշնորհային երևույթների առկայության պարագայում:
 
-Կարծում եմ նման հայեցակարգի անհրաժեշտություն չկա և խոշոր բիզնեսի հետ պետք է աշխատել կոնկրետ միջոցառումներով, որոնք և ծրագրած են իմ հիշատակած «ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրում»:
Ես, որպես պետական եկամուտների կոմիտեի նախագահ,  «մենաշնորհային» գնահատական չեմ տալիս Հայաստնի տնտեսությանը, քանի որ այն դուրս է իմ իրավասությունների շրջանակներից: Կասեմ, որ այսօր մեր երկրում արտոնյալ են միայն փոքր ձեռներեցչությունը` (նրանք, ում տարեկան հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը): Մնացած տնտեսավարող սուբյեկտները, այդ թվում` խոշոր ձեռնարկատերերը, գտնվում են հարկման ընդհանուր դաշտում և արժանանում հավասար վերաբերմունքի:
 
-Եթե անկեղծ խոսենք, ապա ի՞նչ կարող է և պետք է անի խոշոր բիզնեսն այսօր Հայաստանում, որ չի անում: Խոսքն այս պարագայում օրենքի ուժով պարտադրվող անելիքների մասին չէ, այլ թերևս վերաբերում է բարոյական պարտավորություններին:
 
-Ես գործ ունեմ հարկային և մաքսային պարտավորությունների  կատարման հետ: Կարևորելով մեր հասարակության զարգացման մեջ բարոյական արժեքների դերը, կարող եմ մի բան ասել, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պայքարում են օրինակ յուրաքանչյուր տարի հրապարակվող ամենից շատ հարկ վճարած հարկատուների ցուցակի առաջին տասնյակում տեղ գտնելու համար: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վճարելով հարկերն իրենք զարգացնում են պետությունը, հետևաբար և համապատասխան ենթակառուցվածքները, որոնք պարարտ հող են հանդիսանում առողջ տնտեսություն ունենալու համար: Օրինակ, լավ մասնագետը պետք է լավ վարձատրվի, նա նաև պետք է ունենա լավ առողջություն, լավ տրամադրություն ու ստեղծագործական միտք, որ իր աշխատանքում բերի համապատասխան արդյունք: Իմ անձնական կարծիքով, խոշոր բիզնեսում բացի հարկային պարտավորությունների անթերի կատարումից, կարևոր է գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև սոցիալական ծրագերի կատարումը: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ «Ղ-Տելեկոմ» կազմակերպությունը, որի որդեգրած քաղաքականությունն է դարձել սոցիալական, բարեգործական ծրագրերի իրականացումը:
Վերջերս Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի խոշոր բիզնեսը պետք է անցնի պարտադիր աուդիտ: Կարծում եմ, այս դրույթի կիրառումը և հետագա զարգացումը ցույց կտա թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից ովքեր են պատրաստ թափանցիկ ու արժանահավատ ֆինանսական ցուցանիշներ ցույց տալ ինչպես իրենց բաժնետերերին, այնպես էլ հասարակությանը: Պետական եկամուտների կոմիտեն միայն կողջունի այս ուղղությամբ զարգացումը, քանի որ անուղղակիորեն այն կտանի ստվերային հատվածի նվազեցման:
 
-Ի՞նչն է այսօր խանգարում կառավարությանը և խոշոր բիզնեսին համագործակցել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում: Եվ առհասարակ, որոնք են այն հիմնական հանգամանքները, որ խոչընդոտում են մասնավոր-պետություն արդյունավետ համագործակցության ծավալմանը մեր երկրում:
 
-Դուք կարևոր հարց եք բարձրացնում: Կորպորատիվ սոցիալական կարգապահությունը մեր երկրում առհասարակ կապվել է կառավարության հետ և այնպես է ստացվել, որ կառավարությունն է հիմնական պարտավորությունը կրել բնակչության սոցիալական պարտավորությունների առումով: Ես կարծում եմ, որ տնտեսության զարգացմանը զուգընթաց այդ պարտավորությունը կփոխանցվի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նախորդ պատասխանում ես բերեցի դրա վառ օրինակը:
Ինչ վերաբերում է մասնավոր-պետություն արդյունավետ համագործակցության խոչընդոտներին, ապա ասեմ, որ պետք է լինի փոխադարձ վստահության և ընդհանուր նպատակների, այդ թվում` պետական բյուջեի կատարման, տնտեսության զարգացման, փոխըմբռնման մթնոլորտ: Մեր հասարակությունում առանձին դեպքերում կասկածամտությունը, «թող ուրիշը վճարի, հետո ես» մոտեցումը ճիշտ չէ, այն խոչընդոտում եմ տնտեսության զարգացմանը: Պարզապես թող ամեն մեկն իր պարտավորությունը կատարի`  առանց ուրիշին նայելու:
 
-Հունվարի 9-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ 2009-ին հատուկ ուշադրություն է դարձվելու խոշոր բիզնեսի` թափանցիկ հարկային ու մաքսային դաշտ բերելուն: Ի՞նչ հիմնական քայլեր են արվելու այս ուղղությամբ 2009-ի ընթացքում:
 
-Այդ հայտարարությունը արել է Հայաստանի Հանրապետության վարչապետը և ես ամբողջությամբ կիսում եմ այդ մոտեցումը: Այդ հարցին մանրամասն անդրադարձա Ձեր կողմից բարձրացված 1-ին հարցի ժամանակ, իսկ ընդհանուր առմամբ խոշոր բիզնեսում պետք է կրճատել ստվերային շրջանառությունը` ծավալների և գների թերհայտարարագրման կրճատման միջոցով, անաչառ և արդյունավետ ստուգումների իրականացման միջոցով, կանխարգելիչ գործիքների` մոնիտորինգի, չափագրման, հսկիչ-գնումների իրականացման միջոցով և այլն ու ապահովել պատասխանատվության միջոցների անկասելիությունը:
 
-Կա՞ն արդյոք գնահատականներ, հայաստանյան խոշոր բիզնեսի շրջանառության որ մասն է քողարկված: Տեսականորեն որքանո՞վ կարող է ավելանալ հայաստանի ՀՆԱ-ն խոշոր բիզնեսը բացարձակ թափանցիկ հարկային ու մաքսային դաշտ բերելու արդյունքում:
 
-Նախ կցանկանայի 2 կարևոր հանգամանք նշել: Առաջինը` որ ստվերը առկա է և խոշոր, և միջին, և փոքր բիզնեսում: Տարբերությունը ծավալների մեջ է: Երկրորդը` ստվերային շրջանառություն ասելով, որպես պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ես հասկանում եմ միտումնավոր կամ ոչ միտումնավոր օրենսդրության շրջանակներում կամ այդ շրջանակներից դուրս հարկերի վճարումից խուսափելը: Ուստի խնդրին ես պարտավոր եմ մոտենալ այդ տեսանկյունից և ի պաշտոնե իրավունք չունեմ իմանալ կոնկրետ ստվերային շրջանառության մասին և այն վերացնելու ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկել: Դա մեր ամենօրյա աշխատանքն է: Տարբեր պատճառներով այսօր մեր տնտեսության տարբեր ճյուղերում առկա են ստվերային շրջանառության տարբեր մակարդակներ: Վերջինս պայմանավորված է նաև տվյալ ոլորտի առանձնահատկություններից, ձևավորված ավանդույթներից, այդ թվում` հաշվառման ու ֆինանսական կարգապահության զարգացվածության աստիճանից: Ստվերը միանգամից վերացնելը իրատեսական չէ, ահա թե ինչու մեր վարչարարության առաջնային խնդիրներից է ռիսկային ոլորտների և այդ ոլորտներում առավել ռիսկային կազմակերպությունների բացահայտումը ու վերջիններիս թափանցիկ հարկային դաշտ բերելը: