24 փետրվարի 2009
2009-ի հունվարին, ընդամենը 15-20 աշխատանքային օրվա ընթացքում, ֆիսկալային շրջանառության ծավալներն աճել են շուրջ 9 մլրդ դրամով կամ 70 տոկոսով
«Կարող ենք փաստել, որ ՀԴՄ-ների տեղադրման ԵՎ վիճակահանության անցկացման գործընթացը հաջողվել է. արձանագրել ենք դրական արդյունքներ»,-հավաստիացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ամփոփելով 2009 թ. հունվար ամսվա արդյունքները` ֆիսկալային շրջանառության ծավալների ԵՎ ՀԴՄ կտրոնների վիճակահանության մասով:
«Կարող ենք փաստել, որ ՀԴՄ-ների տեղադրման և վիճակահանության անցկացման գործընթացը հաջողվել է. արձանագրել ենք դրական արդյունքներ»,-հավաստիացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ամփոփելով 2009 թ. հունվար ամսվա արդյունքները` ֆիսկալային շրջանառության ծավալների և ՀԴՄ կտրոնների վիճակահանության մասով: Ըստ Ա. Ալավերդյանի` կարծես հետզհետե հաջողվում է լուծել հարկային վարչարարության կարևորագույն խնդիրներից մեկը` ապահովել փաստաթղթաշրջանառությունը մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում:

Եթե մեծածախ առևտրի ոլորտում փաստաթղթաշրջանառությունը պետք է ապահովվի հաշիվ-ապրանքագրերի միջոցով, ապա մանրածախում այն իրականացվում և վերահսկվում է ՀԴՄ-ների միջոցով.  «Մանրածախ առևտրի ոլորտում վերահսկողությունն այսօր իրականացվում է ոչ միայն հարկային մարմինների, այլ հենց հասարակության կողմից: Դրան նպաստում է նաև ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացումը, որն ամենևին չի համապատասխանում մամուլի կողմից երբեմն տրվող այն պարզ գնահատականներին, որոնց համաձայն` դա սոսկ վիճակահանություն է: Իրականում այս վիճակահանությունը կարևոր գործոն է` մանրածախ առևտրի ցանցում փաստաթղթաշրջանառության ապահովման խնդրում»:

Ներկայացնելով հունվար ամսվա արդյունքները թվային ցուցանիշների տեսքով` Ա. Ալավերդյանը տեղեկացրել է, որ հունվարին այդ ամսվա համար նախատեսված 330 հազարից իրացվել է 142 հազար ՀԴՄ ժապավեն, որի մի մասը տնտեսվարողները շարունակում են գործածել նաև փետրվարին: Ինչ վերաբերում է կոնկրետ շահումներին, ապա վիճակահանության` մինչ օրս արձանագրված արդյունքները հետևյալն են. 500 հազար դրամ շահել է 4 քաղաքացի, 50 հազար դրամ` 8 քաղաքացի, 20 հազար դրամ` 110 քաղաքացի և 5000 դրամ` 1335 քաղաքացի: Դեռևս չի արձանագրվել ամենախոշոր շահումը` 5 մլն դրամ. «Քանի որ մինչև փետրվարի 27-ը քաղաքացիները կարող են դիմել շահումները ստանալու համար, ակնկալվում է որ շահումների քանակը մինչև նշված ժամկետը դեռ կավելանա և կհատի 1500-ի սահմանը: Պետք է նշեմ, որ, ցավոք, հունվար ամսվա համար շահումային ֆոնդով նախատեսված 77 մլն դրամից ծախսվել է շուրջ 7 անգամ պակաս գումար` 11 մլն. 275 հազար, ինչը պայմանավորված է երկու հիմնական գործոնով. քաղաքացիների մի զգալի մասը դեռևս հետևողական չէ կտրոնը պահանջելու հարցում, մի մասն էլ խնամքով չի պահպանում կտրոնները, ինչի հետևանքով շատ անգամ դրանց վավերականությունը վիճարկելի է համարվում»,- հայտնել է Ա. Ալավերդյանը` հավելելով, որ չծախսված շուրջ 66 մլն դրամը կգումարվի հաջորդ ամիսների համար նախատեսված վիճակահանության ֆոնդին` որպես բոնուս, այսինքն` կանցկացվի նաև բոնուսային վիճակահանություն` կախված կատարված գնումների արժեքների մեծությունից:

Անդրադառնալով ՀԴՄ-ների տեղադրման և գործարկման մասով իրականացված հսկողական-վարչարարական աշխատանքներին` ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը արձանագրել է, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման հետևանքով պետբյուջե լրացուցիչ վճարվել է 136մլն. դրամի տուգանք.  «Ընդհանուր առմամբ տուգանվել է 1630 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 1475-ը` առաջին անգամ, մոտ 155-ը` 2-րդ: 3-րդ և ավել դեպքերով խախտում է արձանագրվել 6 տնտեսվարողի մոտ: Կասեցվել է 107 տնտեսվարողի գործունեություն, իսկ 47-ի վերաբերյալ գործունեության կասեցման որոշումները ընթացքի մեջ են»:  Ի դեպ, ևս 80 ՀԴՄ է տեղադրվել առևտրի սպասարկման այն վայրերում, որոնցում տեղադրվածների քանակը չի համապատասխանում սպասարկման բաժինների քանակին: Ըստ Ա. Բեյբությանի` հարկայինի աշխատակիցների կողմից ուշադրություն է դարձվում հատկապես այն հանգամանքին, որպեսզի ՀԴՄ-ները տեղադրված լինեն տեսանելի վայրերում:

Ինչ վերաբերում է նախորդ տարվա հունվարի համեմատ 2009-ի հունվարին արձանագրված ֆիսկալային շրջանառության ծավալներին, ապա Ա. Բեյբությանը փաստել է, որ ընդամենը 15-20 աշխատանքային օրվա ընթացքում դրանք աճել են շուրջ 9 մլրդ դրամով կամ 70 տոկոսով: