12 փետրվարի 2009
ՀԴՄ-ների լիարժեք շահագործումն ի հայտ է բերում մի շարք թերություններ. Պետական եկամուտների կոմիտեն հարկային տեսուչների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսել
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն հասարակության հետ սերտ համագործակցության արդյունքում ի հայտ է բերել մի շարք թերություններ, որոնք թույլ են տալիս ՀԴՄ շահագործող տնտեսվարող սուբյեկտները:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն հասարակության հետ սերտ համագործակցության արդյունքում ի հայտ է բերել մի շարք թերություններ, որոնք թույլ են տալիս ՀԴՄ շահագործող տնտեսվարող սուբյեկտները: Այսինքն` օրեցօր բացահայտվում են այն խախտումներն ու բացթողումները, որոնք քողարկված են եղել` տարիներ շարունակ հսկիչ-դրամարկղային մեքենաները ոչ լիարժեք շահագործելու հետևանքով:

ՊԵԿ-հասարակություն ակտիվ համագործակցության արդյունքներն այսօր ներկայացրել է ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը: Լրագրողներին նա տեղեկացրել է, որ բազմաբնույթ թերությունների բացահայտումը հնարավոր է դարձել ինչպես Պետեկամուտների կոմիտեի հետևողական աշխատանքի, այնպես էլ այդ գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման արդյունքում: Դա է ցույց տալիս հունվարի 8-ից առ այսօր Հարկային ծառայության «Թեժ գծով» ստացված հազարավոր ահազանգերի վերլուծությունը:

«Հասարակությունը լիովին ընդունում է Կոմիտեի դիրքորոշումը, ավելին` պատրաստակամորեն օժանդակում է: Այս կարճ ժամանակահատվածում շուրջ 5 հազար քաղաքացի է իր մտահոգությունը հայտնել այս կամ այն դեպքի առնչությամբ: Ահազանգողների մի մասն, օրինակ, բողոքել է, որ առևտրի որոշ օբյեկտներում հասկանալի պատճառներով  ՀԴՄ-ները թանաքով միտումնավոր չեն լիցքավորում, վաճառողը դիտավորյալ ձգձգում է կտրոնի տրամադրումը, կատարված առևտրի իրական արժեքը չի նշվում և այլն»:

Հարկային ծառայությունում արձանագրում են, որ տնտեսվարող սուբյեկտների մի մասը դեռ փորձում է ելքեր, սողանցքներ փնտրել, որպեսզի կտրոն չտրամադրի: Ռ.Քոչարյանը  հատկապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կան բազմաթիվ բաժիններ ունեցող խանութներ, որտեղ տեղադրված է ընդամենը մեկ ՀԴՄ: Դա փաստել է  նաև ահազանգող քաղաքացիների գերակշիռ մասը: «Մենք նաև փորձում ենք հասկանալ, որ գուցե տվյալ տնտեսվարողը հնարավորություն չունի խանութի բոլոր բաժիններում ՀԴՄ տեղադրել: Այդ դեպքերում մենք բացատրական աշխատանքներ ենք տանում, հորդորում` աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի գնորդը կտրոն ստանալու համար ոչ մի խոչընդոտի չհանդիպի»:

Բայց մտահոգությունների մի մասն էլ այլ բովանդակության է. «Թեժ գծով» բազմաթիվ ահազանգեր են ստացվում  ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների գործողությունների, այլև հարկային ծառայողների` վերջիններիս հովանավորելու վերաբերյալ: Կոմիտեի նախագահի տեղակալը լրագրողներին հայտնել է, որ ծառայողական քննություն է իրականացվում և իրականացվելու` այդպիսի փաստերը հայտնաբերելու ուղղությամբ: «Միանշանակ պետք է պարզել, թե այդ ինչպես է լինում, որ տվյալ տարածքի հարկային տեսուչը տեղյակ չի լինում, որ այդտեղի մեծ խանութում աշխատում են ընդամենը մեկ ՀԴՄ-ով: Մարդիկ մեզ զանգում ու հարց են ուղղում, թե «Ինչո ՞ւ է ձեր տեսուչը որոշ դեպքերում աչք փակում այդ երևույթի վրա, միգուցե հենց նա ՞ է հովանավորում տնտեսվարող սուբյեկտին»:

Այս առումով Ռ.Քոչարյանն ընդգծել է համակարգի ղեկավարի հանձնարարականը` իրականացնել ծառայողական քննություններ, ընդ որում դրանք պետք է լինեն բաց բոլորի համար:  Իսկ արդյունքների մասին էլ անհապաղ իրազեկել հասարակությանը: