Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստում ներկայացրել է «Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Փոփոխությամբ սահմանվում են այն դեպքերը, երբ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին։
Մասնավորապես, կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում միասնական հաշվից գումարների վերադարձը կիրականացվի իրավահաջորդ կազմակերպության բանկային հաշվին, իսկ լուծարման դեպքում՝ կազմակերպության մասնակցի բանկային հաշվին։ Պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքերում վերադարձը կիրականացվի համապատասխան գանձապետական հաշիվներին։ Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում՝ ժառանգի անձնագրային տվյալներով բացված բանկային հաշվին, իսկ պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձապետական հաշիվներին։
Հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության միջոցով կհավաստիանա էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի՝ դիմումատուին պատկանելիության և վավերականության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: