24 սեպտեմբերի 2021
Կառավարության որոշմամբ պարզեցվելու ԵՎ թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը
Գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։

Կառավարության որոշմամբ՝ եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։ Շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատումից հետո՝ նրանք հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից։ 

Այսպիսով, որոշման արդյունքում էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետը. գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նոր կարգավորումների իրագործման համար նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։