17 սեպտեմբերի 2021
Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում
ՊԵԿ-ն աշխատանք է առաջարկել ուսումնական կենտրոնի դասընթացներին մասնակցած զինվորներին

Հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր է ստացել։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ Ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում,  Գոգավանում և Բագրատաշենում։ 

Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաև տղաների կրթությունը, նախասիրությունները և ընդունակությունները։ 
Հիշեցնենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռևս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային և մաքսային ծառայություններում աշխատելուն։