26 օգոստոսի 2021
Տեղեկատվություն
Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի պարտավորությունների կատարման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն, եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ֆիզիկական անձին  սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն հոդվածի համաձայն, սակայն, նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները։

Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի՝ Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով։ 

Օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն, կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 1337-Ն որոշման համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առաջնորդվելով ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի դրույթներով, կազմել է արձանագրություններ և փոստային ծառայության ու «azdarar.am» կայքի միջոցով առաջացած հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցել է կառուցապատող ֆիզիկական անձանց։

Միաժամանակ, 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ֆիզիկական անձի՝ բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տան կառուցապատող համարվելու հետ կապված օրենսգրքի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն։

Վերոնշյալով պայմանավորված, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մինչև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված դրույթի վերաբերյալ պարզաբանում ստանալը, ձեռնպահ է մնալու վերոնշյալ դրույթների հիման վրա անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց նկատմամբ վարչարարություն իրականացնելուց։