19 օգոստոսի 2021
«Ժողովուրդ» թերթ. «ՊԵԿ հետբացթողումային հսկողության թիրախում՝ անբարեխիղճ տնտեսվարողներն են»
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության ոլորտում գրանցված արդյունքներին

Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության հիմնական գործառույթը հետբացթողումային փուլում թաքնված հիմնական ռիսկերի բացահայտումը և չեզոքացումն է: Վարչությունը 2021թ. 1-ին կիսամյակում իրականացրել է 52 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է ավելի քան 579,1 մլն դրամի մաքսային վճար, իսկ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում՝ 39 մաքսային ստուգում, լրացուցիչ հաշվարկվել է ավելի քան 291,1 մլն դրամի մաքսային վճար, ինչը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ հայտարարագրված մաքսային արժեքի ներկայացման, ակցիզային հարկի սխալ դրույքաչափի կիրառման և այլ բնույթի խախտումներ:

Հասցեական ստուգումներ՝ ռիսկային չափանիշների հիման վրա

Արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության փուլում շարունակաբար կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները, ինչը նախատեսված է նաև ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով: Վերլուծական կարողությունների զարգացումն առաջնահերթ միտված է իրավախախտումների կանխարգելմանը:

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում վարչությունն իրականացրել է վերլուծական աշխատանքներ մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մաքսային հսկողության փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգման ձևի շրջանակում նախապես մշակված ռիսկերի պրոֆիլների միջոցով իրականացված ընտրողականության շնորհիվ ստուգվել է 15.304 ապրանքների հայտարարագրեր: ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է դասակարգման տեսանկյունից 52 անուն ռիսկային ապրանքների ուսումնասիրություն: Մաքսատուրքերի արտոնություն և 0 տոկոս դրույքաչափ ունեցող ապրանքների ուսումնասիրության շրջանակում «ՀՀ ազգային մեկ պատուհան» տեղեկատվական համակարգից իրականացվել է համապատասխանաբար 1.100 և 520 ապրանքների հայտարարագրերի վերլուծություն: Իրականացվել է նաև հակագնագցման տուրքեր ունեցող 102 ապրանքների հայտարարագրերի վերլուծություն: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով 343 կազմակերպությունների 1.212 ապրանքային հայտարարագրերի վերաբերյալ 27 օտարերկրյա պետության 28 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «վերամշակում մաքսային տարածքում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 6.223 և 1.645 ապրանքների հայտարարագրեր: Հաշվետու ժամանակահատվածում վարչությունը իրականացրել է թուրքական ծագում ունեցող  շուրջ 16000 ապրանքի հայտարարագրի վերլուծություն, որի արդյունքում մշակվել է ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգում կատարելու համար գործարքների ընտրության նոր 5 լրացուցիչ ռիսկի պրոֆիլ:

Վարչության աշխատանքները նոր շեշտադրում են ստացել կամերալ ուսումնասիրությունների համակարգի գործարկմամբ: Նոր համակարգը  տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հետբացթողումային փուլում ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը դադարեցնում է ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, շարունակում են այլ ստորաբաժանումները: Գործընթացը թույլ է տալիս տնտեսվարողներին տարանջատել ըստ ռիսկայնության՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով տարբերակված մոտեցում: Ռիսկային խմբում ընդգրկված տնտեսվարողների նկատմամբ իրականացվում է խիստ վարչարարություն, իսկ ոչ ռիսկայինների նկատմամբ՝ ցուցաբերվում է ավելի մեղմ մոտեցում: Այսպես, 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգման ուսումնասիրման նպատակով 144 դեպքով իրականացրել է վերլուծություն, 87 դեպքով գրություններ են ուղղվել ապրանքներ տեղափոխող անձանց՝ համապատասխան պարզաբանումներ կամ ճշգրտումներ ներկայացնելու պահանջով: Արդյունքում՝ 21 դեպքում ապրանքներ տեղափոխող անձինք ընդունել են իրենց սխալը, կատարելով ապրանքային հայտարարագրերի ճշգրտումներ, 24-ն ընթացքում է, 11-ով նյութերը տրամադրվել են մաքսային ստուգում անցկացնելու համար, իսկ 50 դեպքում անհամապատասխանություն չի բացահայտվել:

Միասնական ցուցանիշ

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների՝ եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունն էապես բարելավել է դիրքերը՝ 2019թ. 36,82-ից հասնելով 2021թ. 89.50-ի (2018թ. ցուցանիշը եղել է 29,15): Ձեռքբերումները որդեգրված մոտեցումների, վերլուծական կարողությունների զարգացման և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է:  

Միասնական ցուցանիշն (Э) ՝ ըստ անդամ պետությունների

Հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների

 

Միասնական ցուցանիշ՝ (Э) գործակից

ՀՀ

Բելառուս

ՌԴ

Կիրգիզիա*

Ղազախստան

2020 1-ին կիսամյակ

83.55

78.03

59.98

-

62.20

2021 1-ին կիսամյակ

89.50

63.75

117.09

-

59.10