14 օգոստոսի 2021
Մաքսային համակարգի բարեփոխումները՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների
Հայաստանը մաքսային ոլորտում լուրջ արդյունքների է հասել

Հայաստանը մաքսային ոլորտում լուրջ արդյունքների է հասել։ Այս տարվա առաջին կիսամյակում իրականացված նախաձեռնությունները հավաստում են՝ լուրջ ցուցանիշներ են արձանագրվելու նաև առաջիկայում։ Մաքսային մարմինը, հօգուտ տնտեսվարողների և քաղաքացիների, բարեփոխումների ընդարձակ փաթեթով հայտ է ներկայացրել 2021 թվականի երկրորդ կիսամյակ, որը բխում է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրից։

Մաքսային համակարգի  բարեփոխումները մտնում են նոր փուլ
Մինչև տարվա վերջ Հայաստանի մաքսային ոլորտում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրումը բեկումնային փոփոխություն է խոստանում։  Այն իրականացվում  է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում։  Վերջնական գործարկումը նախատեսվում է այս տարվա ավարտին։ Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի  և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։
Մաքսային գործառույթների առավել պարզեցման նպատակով ՊԵԿ-ը մշակել է հայտարարագրերի և ծանուցումների կառավարման նոր ենթահամակարգի տեխնիկական նկարագիրը։ Ենթահամակարգի շնորհիվ մաքսային գործընթացները առավել հեշտ ու  արդյունավետ կդառնան՝ կկրճատվի ժամանակի և գործողությունների ծավալը, կկարգավորվի հերթագրման գործընթացը, գրեթե կվերացվի տնտեսվարողների/մաքսային միջնորդների մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը, մաքսային մարմինների և տնտեսվարողների/մաքսային միջնորդների միջև հաղորդակցությունն ամբողջությամբ կտեղափոխվի օնլայն հարթակ՝ ապահովելով թափանցիկություն, ինչպես նաև նվազագույնի կհասցվի մաքսային մարմին-տնտեսվարող շփումը։ 
Մեկ այլ՝ STAPL ծրագրի շրջանակներում առաջին կիսամյակում իրականացվել են աշխատանքներ Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու, առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման նպատակով։ Ծրագիրն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ։

Էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավում և կատարելագործում՝ մաքսային վարչարարության պարզեցման նպատակով

Մաքսային վարչարարության համակարգերը պարզեցնելու նպատակով նախագծվել և ներկայացվել է էլեկտրոնային համակարգի բարելավման համապարփակ փաթեթ: Արդյունքում կբարելավվի տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը և կկրճատվի ժամանակը։ Համակարգի ներդրմամբ կընդլայնվի փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև այն  կնպաստի մաքսային ոլորտում առկա ռիսկերի վերհանմանը:
Մասնավորապես՝ 
Մաքսային իրավախախտումների ավելի դյուրին բացահայտման ու թիրախավորման նպատակով կներդրվի «Մաքսային իրավախախտումների միասնական շտեմարան» համակարգը։
Մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը ներդաշնակեցվում են՝ տնտեսվարող սուբյեկտների ճիշտ թիրախավորման նպատակով։ Այս համակարգի գործածման արդյունքում հարկային և մաքսային ռիսկերը համադրվելու են և հարկային կարգապահություն ցուցաբերած տնտեսվարողները համարվելու են կարգապահ նաև մաքսային գործարքների ժամանակ և մաքսային ձևակերպումների փուլն անցնելու են ավելի պարզ և արագ։
Համակարգում կկիրառվի նաև տրանսպորտային միջոցների կշռման արդյունքում ստացված տվյալների օգտագործման մեխանիզմների  նոր մոդել, ինչը հնարավորություն կտա մաքսային մարմիններին, խելացի համակարգերի միջոցով, բացահայտել կշռման գործընթացի պոտենցիալ խախտումները, ինչպես նաև ունենալ պատմական տվյալներ ամեն սահմանը հատած տրանսպորտային միջոցի և վարորդի վերաբերյալ։
Առանձնակի աշխատանքներ են տարվում ֆիզիկական անձանց սահմանահատումների նկատմամբ մաքսային հսկողության զգալի պարզեցման, միևնույն ժամանակ ավելի թիրախային հսկողություն տանելու ուղղությամբ։ Խելացի ռիսկերի կառավարման միջոցով հնարավորություն կստեղծվի վերահսկելի դարձնել բարձր ռիսկային խմբում գտնվող ֆիզիկական անձանց սահմանահատումները:

2021թ. հուլիսի 1-ից ստեղծվել է հնարավորություն մաքսային պարտավորությունների մարումը իրականացնել Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի /e-payments/ միջոցով: Փաստացի, այս բարեփոխումների արդյունքում, հնարավորություն է ստեղծվել տնտեսվարող սուբյեկտների համար կատարել առցանց վճարումներ անմիջապես trade.gov.am հարթակից` առանց բանկ: 

Ուժեղացված մաքսային հսկողություն՝ տնտեսական սահմանի անվտանգության նպատակով ԵԱՏՄ ժամանակավոր պահպանման պահեստների ռեեստրում հաշվառված պահեստների գործառույթների ստուգման նպատակով իրականացվել է 10 մաքսային տեսազննում։ Հայտնաբերված թերությունների հիման վրա 2 պահեստների գործունեությունը դադարեցվել է, իսկ մեկ պահեստի գործունեությունը կասեցվել։ Մյուս պահեստները կարճ ժամանակում շտկել են թերությունները։

2021 թվականից սկսած ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվում նաև թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի շրջանակներում։ Բացահայտվել և արձանագրվել են թուրքական ծագման ապրանքների մի շարք դեպքեր։ Ամենօրյա ռեժիմով հսկողություն է իրականացվում նաև արտահանման համար արգելված սև մետաղի ջարդոնի և թափոնի հնարավոր արտահանման դեպքերը բացառելու համար։ 

Մաքսային ռիսկերի նվազեցման և վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով՝ այս տարի մշակվել, ներդրվել են սակագնային և ոչ սակագնային հսկողության նոր համակարգի ալգորիթմներ։ 
Նոր մարտահրավերներին համապատասխան ուժեղացվել է մաքսային հսկողությունը փոստային (սուրհանդակային) առաքանիների նկատմամբ։ Մաքսային մարմնի նախաձեռնությամբ, համապատասխան լիազորագրի առկայության դեպքում, մաքսային գործառնությունները իրականացվում են նաև առանց ֆիզիկական անձի փաստացի ներկայության և առանց քաղաքացու ժամանակի ավելորդ վատման։

Խիստ հսկողություն է իրականացվում հայտարարատուների ներկայացրած ապրանքների հայտարարագրի մեջ նշվող ապրանքի նկարագրությանն ու բնութագրին, որտեղ պարտադիր պետք է նշվեն ապրանքի անվանումը, ապրանքային նշանը, մակնիշները, մոդելներ և այլն։ Այս ամենից է կախված ԱՏԳ ԱԱ ծածկագրի և մաքսային արժեքի հստակ որոշումը, ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ռիսկերի ավտոմատ համակարգերի միջոցով մաքսային հսկողության իրականացումը։

Կոմիտեի ղեկավար կազմի հատուկ ուշադրության կենտրոնում են ավտոքարշակներով ՀՀ ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները՝ բացառելու համար Հայաստանի տարածքում նշանակման վայր չհասցված ավտոտրանսպորտային միջոցների կազմաքանդումը։

Կոմիտեն ուժեղացված հսկողություն է իրականացնում նաև ներմուծման տրանսպորտային միջոցից տարբերվող տրանսպորտային միջոցով փաստացի ելք կատարած բեռնարկղերի նկատմամբ՝ ապահովելով Բեռնարկղերի մասին (1972թ.) մաքսային կոնվենցիայի պահանջների կատարումը։

Կոմիտեի քայլերը՝ մաքսային ծառայությունների ավելի արագ ու որակյալ մատուցման համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանում չվերթների ավելացմամբ պայմանավորված մաքսային հսկողության և ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օդանավակայանի մաքսային կետ-բաժնում ստեղծվել է երկու նոր բաժանմունք։

Էլեկտրոնային առևտրի զարգացմանը զուգընթաց էականորեն ավելացել են փոստային առաքանիներով ՀՀ ներմուծվող ապրանքների ծավալները։ Արդի փոփոխություններին համահունչ՝ կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի աշխատանքային գործընթացը իրականացվում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով՝ ապահովելով քաղաքացիների և կազմակերպությունների ներկայացուցիչների օպերատիվ և որակյալ սպասարկումը։

«ՀԱՅՓՈՍՏ» ընկերության տարածքում գործող կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի 3-րդ փոստային բաժանմունքի աշխատանքային ժամանակը երկարացվել է․ ծառայություն է մատուցվում երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-21:00-ն, իսկ շաբաթ օրը՝ ժամը 10:00-13:00-ը։

«Հայփոստ» ընկերության միջոցով ներմուծվող առաքանիների ստացման համար ընկերության տարածքում նույն աշխատանքային գրաֆիկով ծառայություն է իրականացնում նաև կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժինը։ Արդյունքում՝ հնարավոր է դառնում ապրանքների հայտարարագրի լրացման, փաստաթղթային հսկողության և բացթողնման հետագա ընթացքն ամբողջությամբ ապահովել ընկերության տարածքում։ Տեղում ներդրվել է նաև հերթերի կառավարման համակարգ։

Սպասվող բեռնահոսքերի ավելացման հետ կապված Արևելյան մաքսատուն-վարչությունում ստեղծվել է ձևակերպման նոր սրահ՝ վերազինված տեխնիկական և ծառայության իրականացման հետ կապված անհրաժեշտ սարքավորումներով: Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի անցակետում կատարված աշխատանքների արդյունքում կատարելագործվել են քաղաքացիների հետ հետադարձ կապի մեխանիզմները։

Մաքսային մարմինը փոփոխություններ է կատարել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող առաքանիների կարգում։ Դյուրացվել է մաքսային ձևակերպումների կազմակերպման գործընթացը։ Քաղաքացիներն այլևս ստիպված չեն առաքանիները ստանալու նպատակով «Կարգո» բեռնային համալիրի տարածքում սենյակից սենյակ անցնել։ Գործընթացն ամբողջությամբ կատարվում է համալիրի 1-ին հարկում նախատեսված սպասարկման վայրում, որտեղ  ներդրվել է նաև հերթերի կառավարման համակարգ։ Մաքսային մարմնի կողմից հերթերի կառավարման համակարգ է ներդրվել նաև Արևելյան մաքսատուն վարչությունում։