11 օգոստոսի 2021
«ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2021թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքները». Medialab.am
Medialab.am-ն անդրադարձել է ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների իրականացրած աշխատանքներին

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթությունը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակել է հետևողական քայլերը հարկային իրավախախտումների կանխման և խափանման, տնտեսական հանցագործությունների բացահայտման և դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։ ՊԵԿ իրավական գործառույթ իրականանցող ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի առաջին կիսամյակում իրականացվել են լայնածավալ միջոցառումներ մաքսային, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:  

Օրինախախտ հարկ վճարողները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում

ՊԵԿ հետաքննության և  օպերատիվ հետախուզության վարչության կողմից, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, 2021թ. առաջին կիսամյակում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման նպատակով ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ուշադրության կենտրոնում է եղել այնպիսի իրավախախտումների բացահայտումը, ինչպիսիք են առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքներ տեղափոխելը կամ մատակարարելը, լիզենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը, ապօրինի գործունեությամբ զբաղվելը և այլն: 

Մասնավորապես՝ առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական  707 միջոցառման արդյունքում 623 դեպքով արձանագրվել  է ավելի քան 282 մլն դրամի՝ օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխություն: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական 204 միջոցառման արդյունքում 157 դեպքով կազմվել է արձանագրություն՝ ավելի քան 386 մլն դրամ ձեռնարկատիրական եկամուտով: Հայտնաբերվել է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման 59 դեպք, արձանագրված խախտումը կազմել է շուրջ 7 միլիարդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է նաև արգելված գործունեություն: Խոսքը վերաբերում է ֆիզիկական անձի կողմից հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և վաճառքի դեպքին: Համաձայն հարկային օրենսգրքի 409 հոդվածի՝ արգելված գործունեությամբ զբաղվելու համար բյուջե ենթակա է վճարման հողի վաճառքից ստացված գումարի  100 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ պակաս 10 միլիոն դրամից, որը տվյալ դեպքում կազմել է 30 միլիոն դրամ բյուջե վճարման ենթակա տուգանքի գումար:

Իսկ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով՝ համաձայնեցված գործելու սկզբունքով 106 դեպքով 276 հարկ վճարող ճանաչվել է փոխկապակցված:

2021-ի առաջին կիսամյակում իրականացվել է չգրանցված աշխատողների տվյալների ճշտության 33 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 62 չգրանցված աշխատող, տուգանքի գումարը կազմել է 15 միլիոն 750 հազար դրամ: Վարչության հսկողության թիրախում է եղել նաև չդրոշմապիտակավորված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը: Մասնավորապես՝ իրականացվել է ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման և (կամ) դրոշմապիտակավորման կանոնների պահպանության նկատմամբ 33 հսկողություն: Արդյունքում 28 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է  շուրջ 1,5 մլն դրամի  խախտում, որի արդյունքում ակտերի գումարները կկազմեն  շուրջ 18,5 մլն դրամ: 

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել իրացման իրական ծավալների և իրացվող ապրանքների գների ճշտման ուղղությամբ: Իրականացվել է 486 միջոցառում, բոլոր դեպքերով հարկ վճարողները ներկայացրել են ճշգրտված հաշվարկներ՝ ավելացնելով իրացման շրջանառությունը՝  շուրջ 7 մլրդ դրամով, իսկ հարկի գումար՝ 625 մլն դրամով: 

  Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 107 դեպքով կազմվել է ավելի քան 9 միլիարդ  դրամի նախնական հաշվարկ: Նյութերն ուղարկվել են  հետաքննության մարմիններին հետագա ընթացքը լուծելու նպատակով: 

 Հետևողական հսկողություն է իրականացվել նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրում իրականացնող տնտեսվարողների նկատմամբ: Ինվոյսային արժեքների ճշտման ուղղությամբ ձեռնարկվել է 432 միջոցառում, արդյունքում նախկինում ներկայացված 977 մլն 200 հազար դրամ ինվոյսային արժեքի փոխարեն արտացոլվել է 1 մլրդ 700 մլն դրամ ինվոյսային արժեք և ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել է  լրացուցիչ բյուջե վճարման ենթակա 143.1 մլն դրամ:

Ուշադրության կենտրոնում է եղել նաև շրջանառության հարկից ընդհանուր հարկման համակարգ անցած տնտեսվարողների գործունեությունը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 103 հարկ վճարող շրջանառության հարկից և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց այլ հարկման համակարգ անցնելու վերաբերյալ ներկայացրել է համապատասխան հայտարարություն:

Տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական 37 միջոցառման արդյունքում հարկվող շահույթը ավելացվել է ավելի քան 380 մլն դրամով, իսկ շահութահարկի գումարը՝ 69 միլիոն դրամ: Ֆինանսական բացասական ցուցանիշներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ 24 դեպքով ծախսերի մասով կատարվել է նվազեցում՝ (վնասի պակասեցում) ավելի քան 256 մլն դրամի չափով, իսկ շահութահարկը կազմել է շուրջ 30 մլն  դրամ:

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության վերլուծության  բաժնում ստացվել է 725 փաստաթուղթ, ավարտվել է 530 փաստաթուղթ, ընթացքի մեջ է գտնվում 1104 փաստաթուղթ:

Հաշվետու ժամանակահատվածում վարչության հետաքննության բաժնում ստացվել է հանցագործության մասին 608 հաղորդում: Նախապատրաստված 384 նյութով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ 182-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերի նախապատրաստման և քրեական գործերի հետաքննության արդյունքում 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերականգնվել է ավելի քան 153 միլիոն ՀՀ դրամ գումար: Այսպիսով, վարչության հետաքննության ստորաբաժանումների աշխատանքների արդյունքում 2021 թվականի 1-ին  կիսամյակի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 2 միլիարդ 200 միլիոն  ՀՀ դրամ:

Բարեփոխմանը միտված նախաձեռնությունները՝ ՊԵԿ քննչական վարչության օրակարգում

2021 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվել է հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ հարուցված 824 քրեական գործ, որից 363-ը՝ փոխանցվել են նախորդ տարվանից, իսկ 461 քրեական գործերը վարույթ են ընդունվել 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում: Հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ հարուցվել է 24 քրեական գործ։ 8 քրեական գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործն ըստ ենթակայության այլ նախաքննական մարմին  ուղարկելու նպատակով: 7 քրեական գործով 11 անձի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:  Հաշվետու ժամանակահատվածում վարչության վարույթում քննված քրեական գործերից վարույթը կարճվել է 104 քրեական գործով:  Կասեցվել է 211 քրեական գործ, որից 187-ն՝ անձն անհայտ լինելու հիմքով, 23-ը՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառաբանությամբ և 1-ը՝  այլ հիմքով: 

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով պետբյուջե վերականգնվել է շուրջ 4 մլրդ 500 միլիոն դրամ: 

ՊԵԿ քննչական վարչությունը շարունակում է ակտիվ մասնակցել բարեփոխումներին միտված նոր նախագծերի մշակմանն ու քննարկմանը: ՊԵԿ մասնագետները, միջգերատեսչական աշխատանքային խմբում, մասնակցում են ՀՀ-ում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքներին: Ընդհանուր ծրագրային մոդուլների մշակման արդյուքնում կներդրվի նաև քրեական գործերով ՊԵԿ քննչական վարչության էլեկտրոնային ենթահամակարգը: Վարչության մասնագետներն ակտիվ մասնակցել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններին, որի արդյունքում ներդրվել է հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտը: 

Քննչական վարչությունը հանդես եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ:   Մշակվել է փոփոխության նախագիծ, համաձայն որի` առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում  նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով: Oրենսդրական փոփոխությունը վերաբերում է արտերկրից ծանրոցներով ուղարկվող հոգեմետ նյութեր պարունակող դեղերին: Այդպիսի արարքը չի կարող միևնույն հանրային վտանգավորությունն ունենալ թմրամիջոցների մաքսանենգությունների և, առհասարակ, դրանց ապօրինի շրջանառության հետ, քանի որ կրիմինալոգիական տեսանկյունից թմրամիջոցներն հիմնականում անօրինական շրջանառության մեջ են գտնվում թմրաբիզնեսի հանցավոր գործունեության արդյունքում` թմրամոլությամբ տառապող անձանց կողմից դրանց վերջնական սպառման նպատակով, որի արդյունքում տեղի է ունենում նաև «կեղտոտ» փողերի լվացում: Սակայն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը գործնականում հանդիպում են միայն պատրաստի դեղորայքի մեջ որոշակի չափաքանակների տեսքով, ընդ որում, նշված դեղերը, անկախ նրանից ՀՀ-ում գրանցված են, թե՝ ոչ, ունենում են գործարանային ծագում, փաթեթավորում և պիտակավորում, որոնք շատ դեպքերում համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական ընկերությունների արտադրանք են հանդիսանում: 

Հարկային և մաքսային ոլորտների իրավական ապահովումը՝ առաջնահերթություն ՊԵԿ իրավաբանական վարչությունում

ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից հետևողական իրականացվում են հարկային և մաքսային ոլորտների գործունեության իրավական ապահովման, Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների գծով օրենսդրության խախտման գործերով վարչական վարույթների իրականացման, գույքի և դրամական միջոցների արգելադրման, դատարանում կոմիտեի շահերի պաշտպանության, վարչական իրավախախտման դեպքերով վարույթների իրականացման գործառույթներ։

Կատարված աշխատանքների շրջանակում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊԵԿ իրավաբանական վարչությունում կայացվել է չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին 8078 որոշում` 28.6 մլրդ դրամ առաջադրված գումարով, որից վերականգվել է 16.03 մլրդ դրամ գումար: ԴԱՀԿ ներկայացված 2371 վարչական ակտով առաջադրված 3 մլրդ դրամ գումարից վերականգվել է 342.2 մլն դրամ գումար: ՊԵԿ-ի կողմից ներկայացված հայցադիմումներով առկա է 51 բավարարված վճիռ՝ 11 մլն դրամ հայցագնով։ 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է 961 հայցադիմում՝ 11.5 մլրդ դրամ հայցագնով, որից բավարարվել է 578 հայց՝  12.0 մլրդ դրամ գումարով, մերժվել է 127 հայց՝ 5.7 մլրդ դրամ գումարով (այդ թվում՝ նախորդ տարիներից քննվող գործերով): Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է 210 դիմում` 4.7 մլրդ դրամ պահանջով, որից վերականգնվել է 2.1 մլրդ դրամը: Իսկ վարչական տույժ նշանակելու մասին 18857 որոշումից փաստացի գանձվել է 297.2մլն դրամ գումար: Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է 749 վարչական ակտ, որոնցով առաջադրվել է 520.3 մլն դրամ պարտավորություն: 

Ընդհանուր առմամբ, 2021-ի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքում ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից պետական բյուջե վերականգնվել է   18.769 մլրդ դրամ:

Հասարակական կազմակերպությունների և  հիմնադրամների տարեկան հաշվետվությունները հրապարակվում են ՊԵԿ էլեկտրոնային հարթակում

Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի կողմից  հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացրած հաշվետվությունների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է հաշվետվությունները չներկայացնելու, թերի կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու վարչական իրավախախտման 1703 դեպք: Անճշտություններ հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ գրավոր նախազգուշացվել և գործունեության մասին փաստաթղթերի տրամադրման պահանջ է ներկայացվել 19 հիմնադրամի և 25 հասարակական կազմակերպության:  

ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնակային համակարգում գործարկվել Է հարթակ, որտեղ հրապարակվում են հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Այս գործընթացով կազմակերպություններին հնարավորություն է տրվել հաշվետվությունները հրապարակել (վերահրապարակել) անվճար և պարզեցված ընթացակարգով։ Ընդ որում, նոր գործընթացը վերջիններիս համար աշխատանքային ծանրաբեռնվածություն, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու, այդ թվում՝ ֆինանսական, պահանջ ու կարիք չի առաջանում: