09 օգոստոսի 2021
Հայտարարություն
Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը կիրազեկվի հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով: 

Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին: Մասնավորապես, հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր): 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին իրազեկում է, որ 2021թ. հուլիսի 23-ից գործարկվել է Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցման մեխանիզմը: ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից իրականացվող չվճարված հարկային պարտավորությունների գանձման և հարկ վճարողի գույքի արգելանքի կիրառման վարչական վարույթների ծանուցումներն իրականացվում են Օրենսգրքի պահանջներից ելնելով՝ էլեկտրոնային եղանակով։ Ուստի, վարչական վարույթների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու և վարչական վարույթների վերաբերյալ հարկ վճարողների տեղեկացված լինելու նպատակով, կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պարբերաբար հետևել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջերին։