22 հուլիսի 2021
2021թ. հունիսին աշխատատեղերի քանակը կազմել է 643 հազար՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշը
ՊԵԿ նախագահ. «Վերջին ամիսներին աշխատատեղերի շարունակաբար աճի վարքագիծը պահպանվել է նաԵՎ հունիս ամսվա ընթացքում»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած Կառավարության հերթական նիստում ներկայացրել է 2021 թվականի հունիս ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ  վերջին ամիսներին աշխատատեղերի շարունակաբար աճի վարքագիծը պահպանվել է նաև հունիս ամսվա ընթացքում: 2021 թվականի հունիսին եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչն աննախադեպ է և 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ ավելի է 34 հազարով, 2019 թվականի համեմատությամբ` շուրջ 38 հազարով, իսկ 2018 թվականի համեմատությամբ` 80 հազարով: 

«2021 թ․ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Որպեսզի պատկերացնենք այս ցուցանիշի տարբերությունը համեմատության մեջ՝ նշեմ, որ այն անցյալ տարվա՝ 2020թ. նկատմամբ ավելի է 19 մլրդ դրամով, 2019թ. նկատմամբ՝ 26 մլրդ դրամով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 40 միլիարդ դրամով»,-ասել է ՊԵԿ նախագահը: 
Էդվարդ Հովհաննիսյանը հավելել է, որ բարձր ցուցանիշ է գրանցվել նաև վճարվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով: Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի: Այս ցուցանիշը ևս էականորեն տարբերվում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշից:

2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև ամսական կտրվածքով միջին աշխատավարձը՝  կազմելով շուրջ 216 հազար դրամ: Այս ցուցանիշը 2020-ին կազմել է 198 000, 2019-ին՝ 187 000 և 2018-ին՝ 177 000 դրամ: Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի ցուցանիշը նունպես ամենաբարձրն է գրանցվել, ըստ ՊԵԿ նախագահի, խոսքը վճարվող և չվճարվող աշխատատեղերի մասին է, այն կազմել է 695 000:

ՊԵԿ նախագահի խոսքը՝ Կառավարության նիստում: