03 սեպտեմբերի 2009
Իրանցի ուսանողը փորձել է «կանաչ» ուղիով ներմուծել մետամֆետամին ԵՎ ափիոն տեսակի թմրանյութեր
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ԵՎ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մոտ 230 գրամ մետամֆետամին ԵՎ ափիոն տեսակի թմրամիջոցների ներմուծումը:
Հավաստի տվյալներով` սինթետիկ թմրանյութ համարվող մետամֆետամինի 1 գրամն իրացվում է  150-200 դոլարով
 
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել  են մոտ 230 գրամ մետամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցների ներմուծումը:

Թմրանյութերն Իրանից փորձել է ներմուծել ԻԻՀ  26-ամյա քաղաքացի, հայաստանյան բուհի ուսանող Սարֆարազ Էհսան Ֆարհադին, ով փորձել էր դրանք անցկացնել մաքսային հսկողության «կանաչ» ուղիով: Սակայն  մաքսային զննման արդյունքում վերջինիս հագուստի գրպաններում հայտնաբերվել է մոտ 100 գրամ  մետամֆետամին և 130 գրամ ափիոն տեսակի թմրանյութեր, ինչպես նաև դրանց գործածության համար նախատեսված պարագաներ` 17 ապակյա և 1 փայտյա անոթ: Ս. Ֆարհադիի բացատրության համաձայն`  նա  թմրանյութը բերել էր իր անձնական օգտագործման համար:

Ի դեպ, եթե ափիոնի ավելի քան 10 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց /ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ.-ի N 691 հրաման/, ապա  մետամֆետամինի դեպքում արդեն  իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում 1,5 գրամը:

Հավաստի տվյալների համաձայն` մետամֆետամին տեսակի թմրանյութի  մեկ գրամի արժեքն է` 150-200 դոլար, իսկ մեկ գրամ ափիոնինը` մոտ 20 000 դրամ:
Կատարվում է քննություն: