02 հոկտեմբերի 2009
Ատրճանակ` ուղարկված Միացյալ Նահանգներից. 14 փամփուշտով լիցքավորված “Վալտեր”տեսակի ատրճանակը հայտնաբերվել է տնային իրերի արկղերի մեջ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ԵՎ նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցներն օրերս համատեղ մաքսային հսկողության ժամանակ` “Ձյունիկ-սառնարան” մաքսային պահեստում, հայտնաբերել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանք` այդ թվում “Վալտեր” տեսակի ատրճանակ, որի մասերը թաքցված են եղել կենցաղային իրերի տարբեր արկղերի մեջ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցներն օրերս համատեղ մաքսային հսկողության ժամանակ` “Ձյունիկ-սառնարան” մաքսային պահեստում, հայտնաբերել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանք` այդ թվում “Վալտեր” տեսակի ատրճանակ, որի մասերը թաքցված են եղել կենցաղային իրերի տարբեր արկղերի մեջ: Մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի Նարինե Կարասեֆերյանի անունով  ԱՄՆ-ից ուղարկված մոտ 4,5 տոննա քաշով բեռի զննության ժամանակ:

Մաքսային օրենսգրքի 47 հոդվածի համաձայն` զենք-զինամթերքը դասվում է սահմանափակ շրջանառության օբյեկտների թվին, և դրանց ներմուծումն անկախ չափերից համարվում է մաքսանենգություն, եթե բացակայում է համապատասխան թույլտվությունը:

Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության օպերատիվ-հետախուզության բաժնի պետ Սուրեն Ղազարյանի` հայտնաբերված ատրճանակն ուներ երկու փամփշտակալ, որոնք լիցքավորված էին 9 միլիմետր տրամաչափի 14 փամփուշտներով: Զննման արդյունքում հայտնաբերվել է նաև  սուր հոտով հաշիշանման կանաչ զանգված` ծխախոտի գլանակի մեջ:

Բացի ատրճանակից և կանաչ զանգվածից, չհայտարարագրված ապրանքի մեջ եղել են նաև ոգելիչ խմիչքի տեսակներ, թանկարժեք բիժուտերիա,  ձեռքի ժամացույցներ և գեղանկարներ:

Նշենք, որ 2009թ. հայտնաբերված իրավախախտումների դեպերով հարուցված քրեական և վարչական գործերով արդեն նշանակվել է ավելի քան 50մլն դրամի տուգանք: