29 հունիսի 2009
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության /ՀՄԿ/ Խորհրդի հերթական նստաշրջաններին
Համաշխարհային մաքսային կազմակերպության 113-րդ ԵՎ 114-րդ նստաշրջանների աշխատանքներին մասնակցելու նպատակով` հունիսի 24-28-ը Բելգիայի Թագավորություն էր մեկնել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության 113-րդ և 114-րդ  նստաշրջանների աշխատանքներին մասնակցելու նպատակով` հունիսի 24-28-ը Բելգիայի Թագավորություն էր մեկնել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Բրյուսելում գումարված նստաշրջանների ընթացքում քննարկումներ են ծավալվել սահմանների համալիր կառավարման, մաքսային ծառայություններում մեկ պատուհանի սկզբունքի ներդրման, կեղծարարության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ  մշակելու վերաբերյալ:

Հայկական կողմը հանդիպումներ է ունեցել ՀՄԿ գլխավոր քարտուղարի, Նիդեռլանդների, Իտալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների հետ:

ՀՄԿ անդամ պետությունները, այդ թվում Հայաստանը, կարևորել են համաշխարհային առևտրի խթանումը առաջիկա տարիների համագործակցության արդյունքում: Այդ կապակցությամբ բոլոր այն պետություններին /այդ թվում Հայաստանին/, որոնք դեռևս չեն միացել Կիոտոյի վերանայված և Յոհաննեսբուրգի կոնվենցիաներին, առաջարկվել է քննարկել դրանց միանալու նպատակահարմարությունը:

ՀՀ պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացրած նախապատրաստական աշխատանքները: Նաև ուսումնասիրվել են առաջիկա այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են Կիոտոյի վերանայված կոնվենցիային միանալու համար: ՀՄԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել  են նաև «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում Հայաստանում ՀՄԿ ներկայացուցիչների իրականացրած դիագնոստիկ առաքելության արդյունքները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` ծրագրի շրջանակներում հետագա անելիքները որոշելու համար:

Նիստերի ընթացքում նաև անցկացվել են ՀՄԿ գլխավոր քարտուղարի տեղակալի, նախագահողի և փոխնախագահողի, ինչպես նաև քաղաքականության հանձնաժողովի, ֆինանսական և վերահսկողության կոմիտեների անդամների ընտրությունները, սահմանվել է 2009-2010թթ. աշխատանքների շրջանակը: ՀՄԿ գլխավոր քարտուղարի տեղակալ է ընտրվել Չիլիի ներկայացուցիչ Սերժիո Մույիկա Մոնտեսը: