26 հունիսի 2009
Հունիսի 26-ը` թմրամոլության ԵՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Այսօր թմրանյութերի դեմ պայքարը աշխարհում առկա հրատապ խնդիրներից է: Վիճակագրությունը փաստում է, որ հատկապես վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն աճել է թմրամոլության ԵՎ թմրամիջոցների ներկրման հետ կապված հանցագործությունների թիվը:
Այսօր թմրանյութերի դեմ պայքարը աշխարհում առկա հրատապ խնդիրներից է: Վիճակագրությունը փաստում է, որ հատկապես վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն աճել է թմրամոլության և թմրամիջոցների ներկրման հետ կապված հանցագործությունների թիվը: Շատ երկրներում հերոինի և կոկաինի ներմուծումը ռեկորդային ցուցանիշների է հասնում: 1987 թվականին` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 42-րդ նստաշրջանի ժամանակ, որոշում է ընդունվել` ամեն տարի հունիսի 26-ը նշել որպես թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր, չնայած որ թմրանյութերի դեմ պայքարը կամ դրանց ապօրինի շրջանառությունը կանխելու փորձերն արդեն 100 տարվա պատմություն ունեն:

Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը նաև Հայաստանի մաքսային  մարմինների կարևորագույն գործառույթներից է, առավել ևս որ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողներն օրեցօր կատարելագործում են դրանց տեղափոխման մեխանիզմները, դիմում թմրանյութը թաքցնելու` առավել «հնարամիտ» մեթոդների, ինչն էլ Հայաստանի մաքսային մարմիններին ստիպում է մշակել պայքարի նոր և ժամանակակից մեխանիզմներ` ՀՀ սահմանով դրանց տեղափոխումը կանխելու ուղղությամբ: Այսօր  Հայաստանի բոլոր մաքսակետերը համալրված են նորագույն  տեխնիկական միջոցներով, այդ թվում` ժամանակակից ներսադիտակներով և ճառագայթային զննում իրականացնող այնպիսի հզոր սարքավորումներով, որոնց օգնությամբ հնարավոր է տեսնել բեռնատարում առկա ամեն ինչ, անգամ եթե թաքստոցի պատերի հաստությունը գերազանցում է 32 սմ-ը:

Հայաստանի մաքսային կետերում կիրառվում է խիստ  հսկողություն, անցկացվում են օպերատիվ-հետախուզական բազմաթիվ միջոցառումներ` ինչպես թմրամիջոցների տեղափոխումը ՀՀ սահմանով կանխելու, այնպես էլ մաքսանենգության մեջ ներգրավված հանցավոր խմբերին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության  մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից  2009թ. ընթացքում արձանագրվել է թմրանյութերի` հիմնականում  ափիոնի և մարիխուանայի մաքսանենգության 5, իսկ հոգեներգործուն նյութերի` 7 դեպք: Թմրանյութերը փորձել են հիմնականում ներմուծել Մեղրիի սահմանային կետով` Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի  թմրանյութի ներկրման փորձ է կանխվել տարեսկզբին: Թմրանյութը հայտնաբերվել էր Մեղրիի մաքսակետում` մաքսային հսկողության արդյունքում: Ավելի քան 2 կգ թմրանյութը` փաթաթված պոլիէթիլենային տոպրակների մեջ, Իրանից ժամանած ՀՀ քաղաքացին բինտով ամրացրել էր իր գոտկատեղի հատվածին ու ոտքերին: