17 հոկտեմբերի 2009
Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված վերապատրաստման դասընթացներ` մաքսային համակարգի ղեկավարների համար. հոկտեմբերի 16-ից 17-ը Ծաղկաձորում կայացած վերապատրաստման դասընթացների ժամանակ մաքսավորները ծանոթացել են կոռուպցիոն ռիսկերի կառավարման առանցքային սկզբունքներին ու մեթոդներին
Մաքսային համակարգում վերջին ժամանակներս որոշակի դրական քայլեր են ձեռնարկվել արդյունավետ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչն էլ նկատի առնելով` Եվրամիության Խորհրդատվական խումբը պատրաստակամություն է ցուցաբերել իր հերթին աջակցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` սկսված բարեփոխումները նույն արդյունավետությամբ շարունակելու գործում ԵՎ կազմակերպել է մաքսային համակարգի աշխատակիցների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալ համակարգում ներքին կեղծիքների բացահայտման ու կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձին...
Մաքսային համակարգում վերջին ժամանակներս որոշակի դրական քայլեր են ձեռնարկվել  արդյունավետ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչն էլ նկատի առնելով` Եվրամիության Խորհրդատվական խումբը պատրաստակամություն է ցուցաբերել իր հերթին աջակցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` սկսված բարեփոխումները նույն արդյունավետությամբ շարունակելու գործում և կազմակերպել է մաքսային համակարգի աշխատակիցների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալ համակարգում ներքին կեղծիքների բացահայտման ու կոռուպցիոն ռիսկերի  կառավարման միջազգային լավագույն փորձին. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր մեծ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանը, և մենք նախատեսում ենք նման աշխատաժողովների շարք անցկացնել առաջիկայում: Կոնկրետ այս աշխատաժողովի առանձնահատկությունն այն է, որ ԵՄ Խորհրդատվական խմբի փորձագետները ոչ միայն զուտ  վերապատրաստում են մասնակիցներին, այլև վերջիններիս պատրաստում են որպես դասախոսներ, որպեսզի  նրանք էլ իրենց հերթին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ձեռք բերած նոր փորձն ու գիտելիքները փոխանցեն իրենց աշխատակիցներին»,- լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը:

ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչները, նշելով, որ այս դասընթացների կազմակերպմամբ և իրականացմամբ ոչ մի ենթադրություն չեն կատարում Հայաստանի մաքսային համակարգի աշխատակիցների ծառայողական պատշաճ վարքագծի և էթիկայի մակարդակի վերաբերյալ և նպատակ ունեն միայն նպաստել մաքսային մարմինների կողմից արդեն իսկ սկիզբ դրված բարեփոխումներին` միաժամանակ վստահեցրել են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մաքսային ծառայությունն առաջ է գնացել շատ արագ քայլերով. ծավալուն աշխատանքներ են իրականացվել հատկապես մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ, որի շրջանակներում նախորդ տարվա նոյեմբերին ընդունվեց «Մաքսային ծառայողի էթիկայի կանոնների մասին» որոշումը: Վարքագծի կանոնները, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Շաբոյանի, փակցվել են բոլոր մաքսատներում ու մաքսակետերում, որպեսզի նաև քաղաքացիները տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալեն մաքսային ծառայողից. «Կոմիտեի ղեկավարությունը խիստ հետևողական է, որպեսզի մաքսավորներն իրենց աշխատաոճում շարժվեն այդ կանոններով, խուսափեն ծառայողական դիրքի չարաշահումից, այլապես կենթարկվեն պատասխանատվության: Տեղեկացնեմ, որ ծառայողական դիրքի չաւրաշահումները բացահայտելու նպատակով` նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս անցկացված ծառայողական քննությունների արդյունքում արդեն իսկ համակարգի 46 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության: Նրանցից 9-ը հեռացվել են համակարգից, 10-ին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ 25-ին` նկատողություն»:

«Ծառայողական պատշաճ վարքագծի ռիսկերի գնահատման և կառավարման վերաբերյալ» աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում առկա մաքսային ընթացակարգերի մասին մասնակիցների փորձն ու գիտելիքները, աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել փոքր խմբերով` փորձելով վեր հանել համակարգի ուժեղ և թույլ կողմերը, դիտարկել համակարգում կոռուպցոին ռւիսկերի նվազեցման հնարավորությունները, նկարագրվել են ծառայողական պատշաճ վարքագծի ապահովման այն ուղիներն ու միջոցները, որոնց շնորհիվ կարելի է հասնել կազմակերպչական ավելի լավ արդյունքների և խթանել աշխատանքի կատարողականությունը:

Աշխատաժողովի ընթացքում` ելույթի իր խոսքում, ՀՀ-ում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է. «Այս սեմինարի նպատակը փորձի փոխանակումն է` մաքսային համակարգին առնչվող մի շարք ռիսկերի կառավարման ոլորտում: Կարևոր է իմանալ, թե ինչպես կառավարել հատկապես կոռուպցիոն ռիսկերը, ինչը բավականին բարդ խնդիր է. անհրաժեշտ է ուսումնասիրել մաքսային համակարգի և հասարակության միջև բոլոր փոխհարաբերությունները: Ի դեպ, նշեմ, որ մեր փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային ծառայողների վարքագծի պահանջները և համոզվել, որ դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Պարզապես այժմ պետք է մտածել այն խնդրի ուղղությամբ, թե ինչպես այդ պահանջներն իրականություն դարձնել»:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված այս և մնացած միջոցառումները նախատեսված են Եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի 4-րդ առաջնային ոլորտի համաձայն, որի նպատակը հարկային և մաքսային վարչարարության ուժեղացումն է` որպես բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակի մի մաս: Այս միջոցառումներին ԵՄ Խորհրդատվական խումբն իր աջակցությունը ցուցաբերում է վերապատրաստման այնպիսի դասընթացներով, որոնց հիմքում դրված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անցումային երկրների առաջավոր փորձը: