29 մայիսի 2023
Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան․ «Հարկեր վճարելը պետական մշակույթի կարԵՎորագույն մասն է»

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հարկեր վճարելը պետական մշակույթի կարևորագույն մասն է և չի կարող պայմանավորվել «արևելյան» կամ «արևմտյան» աշխարհընկալմամբ: ՊԵԿ նախագահն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Եվրամիության երկրները նույնպես բավականին տարբեր են իրենց մշակույթով, սակայն դա չի խանգարում այդ պետություններին հետևել որոշակի ստանդարտներին: Ռուստամ Բադասյանը կողմ է, որ այս պատմական ժամանակահատվածում եկամտային հարկը բնակչության տարբեր խմբերի համար լինի համահարթ՝ վերջին տարիներին դա իրեն արդարացրել է և օգնել է ստվերից հանել շոշափելի թվով տնտեսվարողների: Արտահայտելով իր անձնական մոտեցումը՝ հաղորդման հյուրը տեսակետ է հայտնում, որ պետք է հնարավորություն տալ հարուստներին հարստանալ։ Հասկանալով, որ այդ տեսակետը միանշանակ չի ընդունվի, ՊԵԿ նախագահը, այնուամենայնիվ, պնդում է, որ նման մոտեցումը նպաստավոր է նաև քաղաքացիների մնացած խավերի համար: Անդրադառնալով անկանխիկ գործարքների խնդրին՝ Ռուստամ Բադասյանն ընդունում է, որ ՀԴՄ սարքեր, որոնք POS տերմինալներ ունեն, կան առևտրի ոչ բոլոր կետերում, իսկ եթե կան էլ, ապա միշտ չէ, որ սպառողներին հնարավորություն է տրվում դրանցից օգտվել: Անկանխիկ գործարքների հետ կապված կա նաև կանխիկացնելու տոկոսի խնդիրը, ինչպես նաև որոշ քաղաքացիների մտահոգությունը՝ իրենց անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ: 

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում։