24 մայիսի 2023
Առանց ծախսերի ու մասնագետների. դյուրացվել է ոչ առԵՎտրային կազմակերպությունների հաշվետվությունների հրապարակման գործընթացը
«Արմենպրեսի» հարցազրույցը՝ ՀՀ ՊԵԿ ոչ առԵՎտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանի հետ

Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների հրապարակման գործընթացում թռիչքային հաջողություններ են գրանցվել։ Նախկինում հասարակական կազմակերպությունները պարտավոր էին հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում։ Սա լրացուցիչ ֆինանսական բեռ էր նախատեսում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշեց, որ իրականացված փոփոխությունների համաձայն՝ կազմակերպությունները կարող են իրենք իրականացնել այդ գործառույթը՝ առանց ծախսեր կատարելու և մասնագետների միջամտության։ Արման Ղազարյանը մանրամասնեց ոլորտում իրականացված փոփոխություններն ու գրանցված արդյունքները:

- Պարոն Ղազարյան, ի՞նչ մոտեցումներ են արձանագրվել «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում 2020 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

- Սա կարևոր աշխատանք է, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտը վերջին տարիներին ուներ փոփոխությունների կարիք, որոնք արագ փոփոխվող հասարակությունում անհրաժեշտություն են։ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժինն ամենօրյա աշխատանքում փորձում է հնարավորինս արդյունավետ իրավական հարթակ ստեղծել մեր երկրում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների համար։ Դրանք հատկապես կարևոր են ՀՀ կառավարության կողմից հանրահռչակված մոտեցման տրամաբանության մեջ՝ այն է հասարակական հատվածի գործունեության բարեկեցությունն ապահովելը։

Նախ ցանկանում եմ ընդգծել, որ ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների հրապարակման գործընթացի առումով թռիչքային հաջողություններ են գրանցվել։ Նախկինում հասարակական կազմակերպությունները պարտավոր էին հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում։ Սա լրացուցիչ ֆինանսական բեռ էր նախատեսում։ Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է այդ հաշվետվությունների համար վճարեր միջինը 60․000-70․000 ՀՀ դրամ։ Այժմ իրավիճակն այլ է՝ կազմակերպությունները պետք է հրապարակեն ՀՀ ՊԵԿ կողմից մշակված հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի միջոցով։ Այս փոփոխությունների հետևանքներին պետք է անդրադառնալ երկու առումով՝ առաջինն իմ կողմից նշված ֆինանսական բեռը վերացել է և կազմակերպությունները կարող են իրենք իրականացնել այդ գործառույթը՝ առանց ծախսեր կատարելու և մասնագետների միջամտության։

Հաջորդ առավելությունը հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու համար, նույնպես նորարարություն է։ Նախկինում գործող կանոնակարգումների համաձայն՝ եթե ՀԿ-ները հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորված կլինեին տարեկան 5 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա կլինեին պարտադիր աուդիտի՝ կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից: Այժմ սահմանել ենք ավելի բարձր շեմ բազմաթիվ կազմակերպություններին լրացուցիչ դժվարություններից զերծ պահելու համար։ Կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացվել է աուդիտի ենթարկվելու պայման հանդիսացող գումարային շեմը հասնելով 10 միլիոն ՀՀ դրամի, ինչպես նաև հետաձգվել է աուդիտի ենթարկման վերջնաժամկետը։ Հրապարակման ժամանակահատված է սահմանվել մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, որը ապահովում է աուդիտի ենթարկման անխոչընդոտ լինելու հանգամանքը։

- Հիմնադրամների գործունեության ոլորտին առնչվող ի՞նչ մոտեցումներ են սահմանվել:

- Հիմնադրամների գործունեության ոլորտում պետք է հաշվետվություններում ներառվեին նաև իրենց ֆինանսավորող անձանց կամ ընկերությունների, աշխատակազմում ընդգրկված անձանց տվյալները։ Պետությունը՝ ի դեմս կառավարության, նպատակահարմար գտավ և ամրագրեց օրենքով, որ այսուհետ հաշվետվությունը պետք է ներառի միայն աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը։ Հաշվետվությունում հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները ներկայացվում են ըստ խմբերի՝ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Ինչպես նաև երկարաձգվել է հաշվետվության հրապարակման վերջնաժամկետը՝ մարտի 25-ից  հուլիսի 1-ը։

Իմ կողմից թվարկված օրենսդրական նորարարական մոտեցումները, կատարված փոփոխությունների միայն մի մասն են։ Դրանք իրականում որակապես այլ հարթակ են տեղափոխել այս ոլորտի կարգավորումները։ Դրա վառ օրինակն է 2022 թվականի օգոստոսին Մինսկում ՌԴ ֆինանսական մոնիթորինգի միջազգային ուսումնամեթոդական կենտրոնի կողմից կազմակերպված ԱՊՀ երկրների ներկայացուցիչների համաժողովի ընթացքում մասնակից բոլոր երկրների  կողմից հայկական փորձն իրենց երկրներում տեղայնացնելու ցանկությունը և նախաձեռնողականությունը։ Սա արդեն բավական ներկայանալի ցուցանիշ է, ինչպես ոլորտային կարգավորումների իմաստով, այնպես էլ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման առումով։

- Ինչպե՞ս է իրականացվում նաև այս ոլորտի հսկողությունը։

- ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվում և համադրվում են հետևյալ փաստաթղթերը և դրանցում առկա տվյալները՝ կանոնադրությունները, հանրային միջոցներից ֆինանսավորված գումարների համապատասխանությունը հաշվետվությամբ ներկայացված ֆինանսավորման աղբյուրներին, բարեգործական ծրագրերի որոշումները, եկամտային հարկի հաշվարկները, շահութահարկի հաշվարկը, ներմուծումները, զանգվածային լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը և այլն։ Իհարկե, չենք կարող խուսափել նաև վարչարարություն իրականացնելուց։ Իրականացվող աշխատանքների ընթացքում կազմակերպություններին կամ հիմնադրամներին տեղեկացվում է թույլ տրված բացթողման մասին, տրվում նրանց ողջամիտ ժամկետներ դրանք ուղղելու համար։ Լինում են նաև վարչական վարույթներ հարուցելու դեպքեր։ Ամեն դեպքում, փորձ է արվում հնարավորինս թափանցիկ աշխատանք իրականացնել։

- Ի՞նչ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեությունը։

- Վերջին տարիներին պետք է արձանագրել, որ ունենք դրական փոփոխություններ և դրան են նպաստում նաև պարբերական հանդիպումների կազմակերպումները։ Այդ հանդիպումների ընթացքում ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են առօրյա գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնք վերաբերվում են օրենսդրական դաշտի կարգավորմանը։ Դրանք հավաքագրվում են, վերլուծության են ենթարկվում, որի արդյունքում կամ իրավակիրառ պրակտիկայի հիման վրա տրվում են պարզաբանումներ, կամ ձևավորվում է միասնական դիրքորոշում, ինչպես նաև դրանք հավաքագրվում են հետագայում օրենքի փոփոխություններին անդրադառնալիս, դրանք նույնպես հաշվի առնելու նպատակով։ Միայն 2022 թվականին աշխատանքային կարգով ուսումնասիրվել են հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ շուրջ 5000 հաշվետվություն, որից մոտ 1,500-ը հիմնադրամների, ավելի քան 3․500-ը հասարակական կազմակերպությունների։

Կարծում եմ այս հնարավորության շրջանակներում հնարավորինս ներկայացվեցին հիմնական ուղենիշերը, որոնք այսօր իրականացվում են ՊԵԿ-ի կողմից։ Մեր գործընկերների կողմից ստանում ենք նաև հետադարձ կարծիքներ, և ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ոլորտի կարգավորումները հիմնականում արդյունավետ են։ Առաջիկայում, կարծում եմ, այլ ձևաչափերով հնարավորություն կլինի ավելի մանրամասն հանրայնացնել ոլորտի ձեռքբերումների ու հետագա անելիքների մասին։