09 դեկտեմբերի 2010
Հարկ վճարողների սպասարկումը պետք է որակապես նոր մակարդակի հասցվի, երկրի նախագահի այս առաջադրանքը ՊԵԿ նախագահի հաձնարարականներով տեղայնացվում է
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հստակ առաջադրանք է տվել` որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնել հարկ վճարողների սպասարկումը:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հստակ առաջադրանք է տվել` որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնել  հարկ վճարողների սպասարկումը: Երկրի նախագահի այս պահանջի  իրականացումը, ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, կախված է յուրաքանչյուր հարկային ծառայողի աշխատանքից, իսկ  դեկտեմբերի 4-ին ՊԵԿ-ոմ հրավիրված  խորհրդակցությունը  ենթադրում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման  խնդիրները քննարկել նաև հենց հարկ վճարողների հետ` կարևորելով վերջիններիս դիտողություններն ու առաջարկներն այս առնչությամբ: Դեկտեմբերի 9-ին նման առաջին հանդիպումը կազմակերպվել է Էրեբունու հարկային տեսչությունում` իրենց կողմից սպասարկվող հարկ վճարողների հետ: Ըստ Էրեբունու հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանի` հավաքի նպատակն է Էրեբունու ՀՏ-ի կողմից սպասարկվող հարկ վճարողներին նաև իրազեկել կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների  և Կառավարության կողմից  ընդունված որոշումների մասին: Նրա խոսքերով, հանրապետության նախագահի հանձնարարականը նաև Պետական եկամուտների կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է: Խնդրի լուծման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին արդեն տրված են կոնկրետ հանձնարարականներ` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև հաստատվել է 2008-2010թթ. հարկային բարեփոխումների ընթացքում ընդունված  հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերը հաստատող իրավական ակտերի ցանկը: Նշված գործընթացի հետ կապված, հարկային համակարգում Կ. Կարապետյանի վստահեցմամբ` կատարվել են  հարկային տեսչությունների շենքային պայմանների բարեկարգում, հարկային ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում. համակարգը ապահովվել է բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, մշակվել և ներդրվել է  առաջնակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված միասնական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն տվեց ավտոմատացնել հարկային մարմնում իրականացվող գործընթացները և գործառույթների գերակշիռ մասը:

«Դրա շնորհիվ էապես բարձրացել է հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը և ապահովվել որակյալ ծառայությունների մատուցում հարկ վճարողների բոլոր խմբերին: Բարեփոխումների շարքում կարևոր փոփոխություններից է նաև հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը: Պարբերաբար վերադաս հարկային մարմնի կողմից տարածքային տեսչությունների հարկային ծառայողների համար կազմակերպվում են  դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ` կապված ինչպես օրենսդրական փոփոխությունների քննարկման, այնպես էլ վերջիններիս վարքագծի կանոնների քննարկման նպատակով: Բարեփոխումների արդյունքում բարելավվել է նաև հարկային ծառայողների ֆինանսական վիճակը»,-հայտարարել է Էրեբունի ՀՏ պետը, վստահեցնելով, որ իրականացված միջոցառումներն ունեն շարունակական բնույթ, քանի որ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը նպաստելու  է նաև հարկերի կամավոր վճարման /ինքնագնահատման/ համակարգի կայացմանը, ինչը մեծապես կարևորվում է նաև  կոմիտեի նախագահի կողմից: