08 նոյեմբերի 2010
ՀետԵՎողական վարչարարության ԵՎ հսկողական աշխատանքների արդյունքում ֆիսկալային հասույթների աճ ԵՎ ներդրված ՀԴՄ-ների քանակի ավելացում է արձանագրվել
ՀԴՄ կիրառման կանոնների խախտման երԵՎույթների դեմ իրականացվող ստուգայցերը պատահական չեն ԵՎ ունենալու են շարունակական բնույթ:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտման երևույթների դեմ իրականացվող ստուգայցերը պատահական չեն և ունենալու են շարունակական բնույթ:
 
Առևտրի վայրերում մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս` հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, եթե, իհարկե, առևտուրն իրականացվում է կանխիկ դրամով. «ՀԴՄ կիրառման մասին» օրենքի պահանջն է, որը ևս մեկ անգամ հիշեցնելու անհրաժեշտություն է առաջանում` Էրեբունու հարկային տեսչության կողմից կատարված համապատասխան վերլուծությունների արդյունքում:
Մասնավորապես, տեսչության աշխատակիցներն արձանագրում են, որ որոշ տնտեսվարողներ օրենքի պահանջն անտեսում են հատկապես ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

 
Կարեն Կարապետյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության պետ.

«Էրեբունիի հարկային տեսչության աշխատակիցների կողմից ՀԴՄ պարտադիր կիրառման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների ՀԴՄ-ների օրական ֆիսկալային հաշվետվությունների վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից որդեգրվել էր մի աշխատելաոճ` ոչ աշխատանքային ժամերին և օրերին սպառողներին ՀԴՄ կտրոն չտրամադրել: Խախտելով օրենքի դրույթներն ու սպառողներին ՀԴՄ կտրոն չտրամադրել` նշանակում է խուսափել հարկային մարմնին ներկայացնել իրացման շրջանառության իրական ծավալները»:

Խնդրին լուծում տալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հանձնարարվեց` որոշ հարկային ծառայողների համար ոչ աշխատանքային օրերն ու ժամերը հայտարարել աշխատանքային, կատարել լրացուցիչ ստուգայցեր: Դրանց արդյունքում Էրեբունու հարկայինը որոշ տնտեսվարողների մոտ  մի շարք խախտումներ է հայտնաբերել, կազմել ստուգման ակտեր:

 
Կարեն Կարապետյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության պետ.

«Այս տարվա  ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք. նշանակված տուգանքի ընդհանուր չափն էլ 25մլն դրամից ավելի է: Արձանագրված խախտումներից 115-ի դեպքում խախտումն արձանագրվել է առաջին անգամ և կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 150 հազար դրամի չափով:  24 դեպքում խախտումներն արձանագրվել են նաև տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում 2-րդ և ավելի անգամ. կիրառվել է համապատասխանաբար 300 հազար և 600 հազար դրամի տուգանք և օրենքով  սահմանված կարգով գործունեության կասեցում` 5 և 10 օրով: Պետք է նշեմ, որ հոկտեմբերին արձանագրված ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտման 52 դեպքերից 44-ն արձանագրվել են ոչ աշխատանքային օրերին և ժամերին»:

ՀԴՄ-ների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները չեն սահմանափակվում միայն վարչարարությամբ և տույժ-տուգանքներ նշանակելով. հարկային մարմիններն իրականացնում են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ: Օրինակ, տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին մանրամասն ներկայացվել են օրենսդրական փոփոխությունները` նրանց ուշադրությունը հրավիրելով  ՀԴՄ կտրոնների տրամադրման, իրացման շրջանառության ճիշտ հայտարարգրման, հարկերի հաշվարկման և վճարման վրա: Հետևողական վարչարարության և հսկողական աշխատանքների արդյունքն ակնհայտ է` ֆիսկալային հասույթների աճ,  ներդրված ՀԴՄ-ների քանակի ավելացում: