20 հունվարի 2021
ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը 2020թ. ընթացքում իրականացրած 93 մաքսային ստուգման արդյունքում լրացուցիչ հաշվարկել է շուրջ 558 մլն դրամի մաքսային վճար
ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի առցանց ասուլիսը

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը հունվարի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: 

Հետբացթողումային հսկողության վարչությունը 2020թ. ընթացքում իրականացրել է 93 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է շուրջ 558 մլն դրամի մաքսային վճար: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: Արմեն Սաֆարյանը նշել է, որ  վարչության հիմնական գործառույթը հետբացթողումային փուլում թաքնված հիմնական ռիսկերի բացահայտումը և չեզոքացումն է. «Արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները, ինչը նախատեսված է նաև ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով: Վերլուծական կարողությունների զարգացումն առաջնահերթ միտված է իրավախախտումների կանխարգելմանը»: Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ներդրվել է նաև կամերալ ուսումնասիրությունների համակարգը, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները: Ըստ Արմեն Սաֆարյանի,  գործընթացը թույլ է տալիս տնտեսվարողներին տարանջատել ըստ ռիսկայնության՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով տարբերակված մոտեցում: «Ռիսկային խմբում ընդգրկված տնտեսվարողների նկատմամբ իրականացվում է խիստ վարչարարություն, իսկ ոչ ռիսկայինների նկատմամբ՝ ցուցաբերվում է ավելի մեղմ մոտեցում»,-ընդգծել է վարչության պետը:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների՝ եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունն էապես բարելավել է դիրքերը՝ 2019թ. 36,82-ից հասնելով 2020թ. 90,56-ի՝ դառնալով առաջատարն անդամ պետությունների մեջ: Արմեն Սաֆարյանի համոզմամբ` ձեռքբերումները որդեգրված մոտեցումների, վերլուծական կարողությունների զարգացման և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է:  

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների  աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշն՝ այստեղ: