24 սեպտեմբերի 2020
Հայտարարություն
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր համակարգը» գործում են ավելի քան 10 տարի։ Էլեկտրոնային համակարգերի միջոցով հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվական ձևերի և դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի  անվտանգության ապահովման և հարկ վճարողների ստորագրությամբ դրանք հաստատելու նպատակով համակարգի կողմից այդ փաստաթղթերի համար ձևավորվում են  PDF ֆորմատի ֆայլեր։  

Կոմիտեն տեղեկացնում է, որ այս տարիների ընթացքում համակարգում առկա են ավելի քան 200 մլն PDF փաստաթղթեր, որի պահպանման տիրույթը զբաղեցնում է մեծ ծավալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել այսօր սկսած 11։00-ից մինչև 14։00 համակարգերի աշխատանքի գերծանրաբեռնվածության և խափանումների։

Համակարգերի աշխատունակությունը ներկայումս վերականգնված է, սակայն առաջիկա մի քանի օրերի ընթացքում հարկ վճարողներին կարող են անհասանելի լինել PDF ֆորմատի որոշ փաստաթղթեր։ Նշված բոլոր փաստաթղթերը համակարգում պահպանված են, և դրանք աստիճանաբար հասանելի կդառնան հարկ վճարողներին առաջիկա օրերի ընթացքում։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։