30 նոյեմբերի 2011
2012-ի հունվարի 1-ից կիրականացվեն բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ
ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թվականի ընթացքում ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը
ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թվականի ընթացքում ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը


Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը:   Կոմիտեն թեստավորել և գործարկել է ռիսկի համակարգը: Արդյունքում առաջին անգամ ըստ ռիսկայնության գնահատվել և կայքում տեղադրվել են 2012-ի ընթացքում ստուգման ենթակա  կազմակերպությունների ցանկը: Այն տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային տեղեկատվություն» բաժնում (www.taxservice.am): Ռիսկերի գնահատման համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետների հետ համատեղ: 

Ինչպես համակարգի շնորհանդեսի ժամանակ նշեց ՊԵԿ Ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, «ռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկային չափանիշների հիման վրա, որոնք ձևավորվում են հարկային մարմնի կենտրոնական տեղեկատավական բազայում առկա տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հարկ վճարողների միանման խմբերի համար սահմանվում են իրենց բնորոշ ռիսկային չափանիշները, որպեսզի փոքր ու խոշոր հարկ վճարողների համար չկիրառվեն միանման մոտեցումներ: Ավելին, մատնանշվում է, թե հնարավոր ռիսկը որ հարկատեսակի և որ ռիսկային չափանիշի ուղղությամբ է: Ավտոմատացված համակարգը կարող է գնահատված հարկ վճարողներին դասակարգել նաև ըստ առանձին հարկային  տեսչությունների»: 

Հարկ վճարողներն իրենք էլ կտեսնեն, որ հարկային մարմինը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում ռիսկային և բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ: Այս առումով առավել կարևորվում է ինքնագնահատման սկզբունքի զարգացումը, երբ հարկատուներն առանց հարկային մարմնի միջամտության իրենց գործունեության արդյունքների հիման վրա ինքնուրույն և ճշգրիտ հաշվարկում են իրենց հարկային պարտավորություններն ու կատարում համապատասխան հարկային վճարումներ: Այս ամենը, սակայն, ըստ ՊԵԿ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սևակ Ոսկանյանի, «չի նշանակում հսկողության թուլացում. դրան զուգահեռ առավել ակտիվ, բայց տեղին, կիրառվելու են կանխարգելիչ հսկողական գործիքներ`  չափագրումներ, հսկիչ գնումներ, կամերալ ուսումնասիրություններ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների, ակցիզային դրոշմանիշերի, ՀԴՄ-ների ստուգումներ: Դրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք զգոն կպահեն հարկ վճարողներին և կմղեն առավել ճշգրիտ ինքնագնահատման ու հարկային պարտավորությունների կատարման»: 

Օրենքը սահմանում է նաև ստուգումների հաճախականությունը. մասնավորապես, բարձր ռիսկայնության խմբում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումներ կարող են իրականացվել ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` 5 տարին 1 անգամ: Օրենքի համաձայն տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարողների առնվազն 70%-ը պետք է կազմեն բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտները, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5%-ը: