24 հունիսի 2020
Banks.am «Տրանսֆերային գնագոյացումը հարկային կարգապահություն կապահովի»
Հարցազրույց ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման ԵՎ միջազգային ծրագրերի բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի հետ

Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաեւ Հայաստանում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման եւ միջազգային ծրագրերի բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի հետ Banks.am-ը զրուցել է Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման ու նպատակների մասին:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում տրանսֆերային գնագոյացումը եւ որո՞նք են դրա կարգավորումները:
-Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է, որի նպատակն է պայքարել փոխկապակցված անձանց միջոցով իրականացվող հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժին առնչվող դեպքերի դեմ։
  Փոխկապակցված անձինք, ընդհանուր ներկայացմամբ, այն հարկ վճարողներն են, որոնցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը, կամ որոշակի ազդեցություն ունի գործարար որոշումների վրա:
  Կարեւոր է նշել, որ գլոբալիզացիայի արդյունքում ստեղծված բազմազգ կազմակերպությունների կողմից իրականացրած միջսահմանային գործարքների աննախադեպ աճը օբյեկտիվորեն հանգեցրել է նոր վարչարարական լծակների ստեղծման անհրաժեշտության։ Թերեւս, այս տեսանկյունից, տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն եղանակներից մեկն է, եթե ոչ լավագույնը։
  Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջեւ կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին:
  Ընդհանուր առմամբ, աշխարհի գրեթե բոլոր երկրների համար տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման համար առաջատար է համարվում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից ընդունված մոտեցումները, մասնավորապես պարբերաբար կատարելագործվող ուղեցույցը եւ դրանից բխող այլ փաստաթղթերը։
  Իհարկե, կան երկրներ, որոնք ամբողջությամբ չեն ընդունում ՏՀԶԿ մոտեցումները, այդ թվում՝ ուղեցույցում ամրագրված սկզբունքները (Չինաստան, ԱՄՆ)։ Այնուամենայնիվ, ուղեցույցով սահմանված կարգավորումները համարվում են ունիվերսալ եւ կիրառելի են երկրների մեծամասնության կողմից։ Մենք եւս բացառություն չենք, առաջնորդվել ենք այդ մոտեցումներով եւ ուղեցույցով, ինչն արտացոլված է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխում եւ դրանից բխող կարգավորումներում։

-Ե՞րբ են սկսվել Հայաստանում կիրառվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ու ի՞նչ նպատակով:
-Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են 2020թ. հունվարի 1-ից: Մինչ այդ մենք այդ գործիքը չենք ունեցել, սա բոլորովին այլ լծակ է՝ իր ստուգման խորությամբ: Այսինքն, եթե մինչեւ տրանսֆերային գնագոյացման ներդրումը հարկային մարմինը որոշակիորեն սահմանափակված էր փոխկապակցված անձանց միջեւ տեղի ունեցող գործարքները այս աստիճան խորությամբ ուսումնասիրել, հատկապես հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների հետ գործարքները, այս դեպքում տրանսֆերային գնագոյացումը հարկային մարմնին այդ հնարավորությունը տալիս է:
  Նպատակը նույն է, ինչ ամբողջ աշխարհում. պայքարել փոխկապակցված անձանց միջեւ տեղի ունեցող գործարքների միջոցով հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի դեպքերի դեմ։

-Ի՞նչ խնդիրներ է լուծում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը:
-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս  հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին։
  Այստեղ կցանկանայի մի փոքրիկ դիտարկում անել։ Օրինակ՝ պարզ է չէ՞, որ իրական կյանքում մեզ  փոխկապակցված անձանց նկատմամբ մենք նույն վերաբերմունքը չենք դրսեւորում, ինչպիսին կդրսեւորեինք օտարների նկատմամբ, սակայն թե՛ օտար,  թե՛ հարազատ լինելու հանգամանքը, դեռեւս թույլ չի տալիս ակնհայտ անօրինական կամ ոչ ընդունելի մոտեցում դրսեւորել, սա գրեթե նույն երեւույթն է, այն իմաստով, որ եթե նույնիսկ փոխկապակցված եք, դա դեռեւս հիմք չէ ոչ հիմնավոր գործողություններ անելու համար։ Իհարկե, դա խիստ տրամաբանական է, որ օրինակ՝ նոր շուկաներ ներգրավելու նպատակով, կազմակերպություններն իրենց դուստր կազմակերպություններին կարող են վաճառել ապրանքներ կամ մատուցել ծառայություններ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն կազմակերպության ընդհանուր ռազմավարության տեսանկյունից դա հիմնավորված քայլ է եւ հարկային մարմինը կարող է ընդունելի համարել այս գործարքներ՝ չնայած որ դրանք առաջին հայացքից չեն համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։
  Այսինքն՝ տրանսֆերային գնագոյացման կարգավորումները բացառապես խստացնող վարչարարություն դիտարկելն, այնքան էլ ճիշտ չէ, եւ եթե ավելի ստույգ, ապա տրանսֆերային գնագոյացման կարգավորումների նպատակը բոլորի համար խաղի նույն կանոնները պահպանելու մեջ է՝ իհարկե, հարկվող բազաների պաշտպանության շեշտադրմամբ։

-Ինչպե՞ս է կատարվել տրանսֆերային գնագոյացման կանոնների ներդրման իրազեկումը ընկերությունների ու հարկատուների շրջանում:
-Շուրջ երկու տարի է Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ, որոնք եղել են թե՛ ոլորտային, թե՛ անհատական, թե ընդհանուր համագործակցության ձեւաչափով։
  Մենք գրեթե անհատապես ենք աշխատում բոլոր բանկերի, խոշոր ընկերությունների հետ: Խիստ համագործակցային մոտեցում ենք որդեգրել:

-Ներկայումս ընկերությունները որքանո՞վ են պատրաստ կիրառվող գործընթացին:
-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումը դեռեւս նախատեսված էր 2018թ. հունվարի 1-ից, սակայն այն հետաձգվեց 2 տարով։ Կարծում եմ՝ այդ երկու տարին կարող էին բավարար լինել որոշակիորեն պատրաստվելու համար, սակայն, եթե իրատես լինենք, ապա այն իրենից ենթադրում է բավականին բարդ եւ շարունակական գործընթաց, ընդ որում ամբողջ աշխարհում։ Հուսով եմ, որ այն Հայաստանում կընթանա սահուն եւ հարկային մարմնի հետ լիարժեք համագործակցության ձեւաչափով։
  Պետք է փաստենք, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումները հարկային կարգապահություն են ենթադրում: Դրանք ոչ թե պատժիչ գործառույթներ իրականացնելու, այլ հարկային կարգապահության լավագույն միջավայր ապահովելու համար են:

-Ո՞ր հարկատեսակներին են վերաբերում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները:
-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի նկատմամբ։

-Ինչպե՞ս կգնահատեք ներկայումս տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը Հայաստանում:
-Եթե անկեղծ, կարծում եմ դեռեւս շատ անելիքներ ունենք, սակայն կարող ենք փաստել, որ մեծածավալ աշխատանք է իրականացվել: Սխալված չեմ լինի, եթե արձանագրենք, որ կարեւորագույն հանգամանքներից մեկը՝ հարկ վճարողների հետ համագործակցային հարաբերությունների հաստատումը, ստացվել է։