29 դեկտեմբերի 2011
ՊԵԿ-ին 2011-ին հաջողվել է ապահովել պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները` շուրջ 650 մլրդ դրամ կամ գրեթե 10%-ով ավել` 2010թ. փաստացի մուտքերի համեմատ
ՊԵԿ-ն ամփոփում է 2011 թվականը
ՊԵԿ-ն ամփոփում է 2011 թվականը


ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 2011-ի հիմնական խնդիրը եղել է պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների ապահովումը: “Հաջողվել է ապահովել պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները` շուրջ 650 մլրդ դրամ կամ գրեթե 10%-ով ավել 2010թ. փաստացի մուտքերի համեմատ: Հարկային մուտքերը կազմել են 370 մլրդ դրամ, որը մոտ 32 մլրդ դրամով (կամ 9,8%) ավել է նախորդ տարվա համեմատ: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին, ապա մասով ապահովվել է 123,0 մլրդ դրամի մուտք, որը մոտ 18 մլրդ դրամով (կամ 6,8%) գերազանցում է 2010-ի ցուցանիշը: Իսկ մաքսային վճարների մասով մուտքերը կազմել են 280,0 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով (կամ 9,6%) ավել է, քան նախորդ տարի”,-տարեվերջյան ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հարկային մուտքերի կառուցվածքի առումով հատկանշական է, որ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 2011թ.-ին շարունակել է աճել` կազմելով հարկային մուտքերի ավելի քան 48%-ը, և գերազանցում է անուղղակի հարկերի կշիռը (≈34%): Կարևորելով այս փաստը, կոմիտեի ղեկավարն ընդգծել է. “Ուղղակի հարկերի աճն ուղղակիորեն կապված է հարկային մարմնի վարչարարական  գործիքների արդյունավետ կառավարման հետ”:
Հարկային և մաքսային ռազմավարական  ծրագրերով  նախատեսված բարեփոխումները հանդիսացել են անցնող տարվա գերակա խնդիրներից. 2011թ. շարունակվել են նախորդ տարիներին իրականացված բարեփոխումները: Արդյունքում, ըստ կոմիտեի նախագահի, հաջողվել է հատկապես մեծածավալ աշխատանքներ կատարել հարկային հսկողության գործող մեխանիզմների արդիականացման, հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև ՊԵԿ կառավարման արդյունավետության բարելավման և մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման ուղղություններով: Նշենք, նաև` 2011թ. մայիսին ՀՀ Նախագահի կողմից հաստատվել են հարկային և մաքսային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը: Փաստաթղթաշրջանառության կրճատմանը զուգահեռ (50-ից ավելի փաստաթղթեր են հանվել շրջանառությունից) աշխատանքներ են իրականացվել նաև էլեկտրոնային հաշվառման ուղղությամբ, որի տրամաբանական ավարտը կլինի  ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման ներդրումը: 

2011թ. հարկային և մաքսային հսկողության բարեփոխումների հիմնական նպատակը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է: “11 ամիսների ընթացքում հարկ վճարողների մոտ իրականացված պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներով արձանագրվել են շուրջ 1 մլրդ դրամի (կամ 8%-ով) հարկային բացահայտումներ, քան նախորդ տարում, այն դեպքում, երբ ավելի քան 28%-ով պակասել է ստուգումների քանակը` նախորդ տարվա 1938-ից հասնելով մինչև 1384 ստուգումներ: Հատկանշաակն է, որ ստուգմամբ հայտնաբերված միջին գումարն աճել է 2,9 մլն դրամով` կազմելով 8,6 մլն դրամ մեկ ստուգման հաշվով”,-նշել է Գագիկ Խաչատրյանը: 

Հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված հերթական կարևոր քայլով` 2011-ին ՊԵԿ-ն անցել է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների անցկացման գործելաոճին, ընդգծել է է կոմիտեի նախագահը: 2011թ. դեկտեմբերի 1-ին առաջին անգամ ՊԵԿ ինտերնետային կայքում տեղադրվեց ՌՉՍ հիման վրա համակարգչային ծրագրով դուրս բերված բարձր ռիսկայնության գոտու հարկ վճարողների ցանկը: “Ընդհանրապես, մեր մոտեցումը լինելու է այն, որ ստուգումների նոր գործիքների կիրառմամբ` բիզնեսին հնարավորություն կտրվի ստվերը նվազեցնելու նկատառումով, ինքնուրույն հաշվառել և վճարել հարկերը: Այսինքն, բիզնեսին առաջարկում ենք խաղի կանոներ`ասելով` մենք  Ձեզ քիչ են ստուգելու, բայց թույլ չենք տա` թաքցնել հարկերը”:

Անդրադառնալով “Հարկատու-3” էլեկտրոնային կառավարման համակարգի /ԷԿՀ/ ներդրման միջոցառումներին, որոնք  նույնպես 2011-ի բարեփոխումների գերակա խնդիրներից են, Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ տարվա ընթացքում “Հարկատու-3”-ը համալրվել է ավտոմատ կառավարման նոր ենթահամակարգերով, այդ թվում ավտոմատացվել են՝ հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումը, ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը, ԱԱՀ-ի գծով գոյացած գերավճարների գումարների ավտոմատ վերադարձը կամ հաշվանցումը, վարչական իրավախախտումների հաշվառումը, հարկ վճարողների հաշվառման  “մեկ պատուհան”-ը: Միաժամանակ, ըստ Գագիկ Խաչատրյանի, կատարելագործվել են էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման մեխանիզմները` ներկայումս ներդրված են 45 հաշվետվական ձևեր (տարեսկզբին՝ 28-ի դիմաց), անձնական հաշվի քարտերի վարումը, ՀԴՄ-ների գրանցումը, հարկային հաշիվների համադրումը (խաչաձև ստուգումը), տեղեկատվության ներմուծումը՝ արտաքին տնտեսական գործունեության և գանձապետարանի տվյալների մասով, հիշեցում-ծանուցումների ավտոմատ ուղարկումը, ինչպես նաև հարկ վճարողներին՝ ըստ գործունեության ոլորտների դասակարգումը, ստուգման հանձնարարագրերի և ակտերի հաշվառումը: Իսկ մաքսային ծառայության “TWM” ավտոմատ համակարգում ներդրվել է մաքսային վճարների էլեկտրոնային վճարման և մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողման ենթահամակարգերը: Անդրադառնալով բիզնեսի կողմից Էլեկտրոնային կառավարման  խնդիրներին, Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ այդ նպատակով տարվա ընթացքում մի շարք ոլորտային հանդիպումներ են տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ: “Այսօր բիզնեսի մոտ 12 տոկոսն է կիրառում էլեկտրոնային կառավարումը, սակայն մեր նպատակն է առաջիկա տարիներին հատել 50 տոկոսի սահամանգիծը”: 

Հարկային և մաքսային բարեփոխումների մյուս ուղղությունը՝ ՊԵԿ համակարգի կառավարման բարելավումն է. կրճատվել են 5 տարածքային հարկային տեսչությունների և ավելի քան 70 կառուցվածքային ստորաբաժանումներ: Գագիկ Խաչատրյանի խոսքերով` “Այս տարի կոմիտեի համար որոշիչ էր աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման խնդիրը: 2011-ին հիմնովին վերանորոգվել են ԽՀՎ, Արաբկիրի, Կենտրոնի, Մյասնիկյանի, Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի, Սևանի, Գյումրու, Եղեգնաձորի հարկային տեսչությունների շենքերը, որտեղ միաժամանակ բացվել են սպասարկման սրահներ` էապես բարելավելով հարկ վճարողների ծառայությունների մատուցման պայմանները և որակը: Ի դեպ, 2012-ին նախատեսում ենք ավարտին հասցնել այս փուլը”:  

Զգալի ցուցանիշներ են արձանագրվել իրավախախտումների դեմ պայքարում. 2011-ին ՊԵԿ իրավաբանական ստորաբաժանումների կողմից՝ դատարան են ներկայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների բռնագանձման 3883 հայցեր` 36483 մլն դրամ ընդհանուր հայցագնով: Տարվա ընթացքում Պետական բյուջե է բռնագանձվել 4167 մլն դրամ գումար, (նախորդ տարվա համեմատ ներկայացված հայցերի քանակն ավելացել է 587-ով, իսկ պետական բյուջեի օգտին բռնագանձված գումարն աճել 420 մլն դրամով): 

2011թ.-ին ընդունվել է ՊԵԿ կողմից նախաձեռնված “Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին” ՀՀ օրենքը, որի համաձայն 31.12.2009թ. դրությամբ հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները հնարավորություն են ստացել կնքելու հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցեր՝ ազատվելով տույժերից և տուգանքներից: Տարվա ընթացքում կնքվել են մոտ 4000 մարման ժամանակացույցեր՝ ավելի քան 300 մլն դրամ ընդհանուր գումարով: Ընդունվել է նաև ՊԵԿ կողմից նախաձեռնված “Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին”  օրենքը, որով հարկային մարմնին իրավունք է ընձեռնվել պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը, ինչի կիրառումը լրացուցիչ միջոց է հարկային մուտքերի ապահովման համար: Հարուցված վարչական վարույթներով կայացվել են տույժ նշանակելու վերաբերյալ 30892 որոշումներ, որոնցով գանձվել է 607,2 մլն դրամ գումար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կայացված 28516 որոշումների դիմաց: ՊԵԿ Հետաքննության վարչության կողմից 2011-ին նախապատրաստվել են 1475 նյութեր, հարուցվել է 86 քրեական գործ և պետական բյուջե է վերականգնվել 2442 մլն դրամ գումար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 2028 մլն դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում կոմիտեի Քննչական վարչության կողմից ընթացք է տրվել 282 քրեական գործերի, որի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 1043 մլն դրամ գումար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 801 մլն դրամ գումարի դիմաց: Ըստ կոմիտեի ղեկավարի, հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ քրեական գործերի քանակը նվազել է մոտ 8,8%-ով, իսկ պետությանը պատճառված վնասի վերականգնումը ավելացել է 22%-ով: Այս ոլորտի ամենամեծ հաջողությունը եղավ այն, որ` 2010-ի նկատմամբ, 2011-ին չունեցանք անապրանք գործարքներով աշխատող որևիցե ձեռնարկություն:
Լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև միջազգային համագործակցության ոլորտում: ՊԵԿ-ը դարձել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) լիիրավ անդամ: Տարվա ընթացքում կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցած մի շարք կարևորագույն միջազգային միջոցառումների: Միաժամանակ փոխայցելություններ են կազմակերպվել ԱՊՀ և եվրոպական երկրների գործընկեր կառույցների  միջև, ստորագրվել համագործակցության մի շարք պայմանագրեր: Ակտիվացել է համագործակցությունը նաև միջազգային փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ուղղություններով: 
 
2012թ. մարտահրավերներ և խնդիրներ

Ինչ վերաբերում է 2012 թվականին Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններին, ապա Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ կառույցի համար հիմնական խնդիրը ՀՀ պետական բյուջեի՝ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների ապահովումն է: “Դրանով է պայմանավորված հարկային և մաքսային մարմինների առջև ծառացած նպատակների և խնդիրների լուծման առաջնահերթությունը` շարունակել բարեփոխումների որդեգրված ուղին՝ այն զուգորդելով եկամուտների աճի հետ”,-շեշտել է կոմիտեի ղեկավարը: 2012-ին բարեփոխումների առաջնային ուղղությունները կլինեն` ռիսկերի կառավարման վրա հիմնված մեխանիզմների կիրառման ընդլայնումը հարկային և մաքսային վարչարարությունում, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ծավալների արագընթաց ավելացումը և դրանց որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային կառավարման համակարգի` “Հարկատու-3” ամբողջական ներդրումը, ինչպես նաև հարկ վճարողների ինքնահայտարարագրման ամրապնդումը: Էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով, կոմիտեում կներդրվի նաև գործարարի անձնական գրասենյակը, որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող բոլոր այն տվյալները, որոնք ֆիքսվում  են ՊԵԿ-ում: 

2012-ի առաջնահերթություններից առանձնացնելով սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը, կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ծրագրի իրագործման ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանք է տարվել. “Նախատեսում ենք ամբողջությամբ վերակառուցել մաքսակետերի ոչ միայն շենքային պայմաններն, այլև ներքին տեխնիկական սխեման, ամբողջ ենթակառուցվածքային համակարգը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում որպես թիրախային կետեր ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցումային կետերը: Ծրագրի ավարտից հետո, վստահեցնում եմ, որ հայ-վրացական սահմանով ուղևորվող անձանց համար սահմանահատման գործընթացը կլինի նույնքան պարզ և հասկանալի, որքան Եվրամիության արտաքին սահմանային անցումային կետերում է”:

Այս նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կխստացվի հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը, միաժամանակ աշխատանքներ կտարվեն հարկային և մաքսային մարմինների վերլուծական կարողությունների զարգացման, համակարգի կառուցվածքի և գործառույթների կատարելագործման ուղղություններով: 2012-ին կներդրվի նաև հարկային և մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմը. համակարգը բանիմաց և լավագույն մասնագետներով համալրելու գործընթացը նույնպես շարունակելու է մնալ  կոմիտեի տեսադաշտում նաև 2012-ին: “Մեծ ուշադրություն է դարձվելու ուսումնական գործընթացներին. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա` Դիլիջանի և Երևանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցնենք եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր քայլեր կձեռնարկվեն մասնագետների վերապատրաստման և վերլուծական կարողությունների բարձրացման ուղղությամբ”,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: