29 հոկտեմբերի 2011
Հայաստանում է Ղազախստանի հարկային կոմիտեի պատվիրակությունը
Հայ-ղազախական համագործակցության սերտացում հարկային ոլորտում. եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Ղազախստանի հարկային կոմիտեի պատվիրակությունը
Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ բարեփոխումներին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանում տարբեր երկրների հարկային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս անգամ էլ պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալվել է Ղազախստանի ֆինանսների նախարարության հարկային կոմիտեի պատվիրակությունը: Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում հյուրերը` քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել հետագայում ևս իրականացնել փորձի փոխանակում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ երկու գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը: Հյուրերը հանդիպել են նաև կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել` համագործակցության հետագա անելիքները: Միաժամանակ կոմիտեում հարկային բարեփոխումների թեմաներով շնորհանդեսներ են անցկացվել: Հարկային ոլորտում հայ-ղազախական համագործակցությունը երկար ճանապարհ է անցել: Մի շարք փոխայցելություններ են եղել. 2 տարի առաջ Ղազախստանում էր հայկական պատվիրակությունը, որտեղ ծանոթացել են կառավարման և սպասարկման ոլորտներում նրանց փորձին, քանի որ զարգացող երկրների շրջանակում ղազախական փորձը համարվում է առաջավորներից: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի, փորձի փոխանակումն այսօր արդեն Հայաստանում է իրականացվում. "Մեր գործընկերները Հայաստանում մի քանի երևույթների հետ ծանոթացան, որոնք դեռևս չեն կիրառվում Ղազախստանում, մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների կիրառման համակարգը, խոշոր հարկ վճարողներ հետ ընտրողականության չափանաշները, թափանցիկության հետ կապված խոշոր հարկ վճարողների մասին բոլոր տեղեկությունների պարբերական հրապարակումը և այլն: Մենք էլ մտադիր ենք ընդօրինակել գնային տրանսֆերտների, գնագոյացման խախտումների, հարկային իրավախախտումների, ապառքների գանձման և հայտնաբերման բնագավառում ղազախական առաջավոր փորձը":

Ղազախստանը ԱՊՀ և եվրոպական շատ երկրների շարքում համարվում է առաջատարներից մեկը. Համաշխարհային բանկի` "Doing Business"-ի զեկույցում, այս երկիրը 183 երկրների թվում զբաղեցնում է 13-րդ տեղը և դա` շնորհիվ հարկային բարեփոխումների, վստահեցնում են պատվիրակության անդամները:

Ներկայում Ղազախստանում հարկային հաշվետվություների շուրջ 80 տոկոսը էլեկտրոնային է ներկայացվում, անգամ` աուլներից: Այս ձեռքբերումն ուսանելի է նաև մեզ համար, հետևաբար, ըստ ՊԵԿ ղեկավարության, մեր բարեփոխումներում` հարկային հաշիվների դուրս գրման գործընթացում ներդրվել է հենց ղազախական փորձը: Իսկ այսօր, նրանք նկատում են` հայ գրոծընկերները ոչ միայն հաջողությամբ են այն ներդրել, այլև` առաջ են անցել իրենցից, նկատում է Ղազախստանի հարկային կոմիտեի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Անուար Դջումադիլդաևը. "Մենք զարմացած ենք, բայց և շատ ուրախ, որ մեր գործընկերները կարողացել են հաջողությամբ կիրառել այդ նորույթը, նույնիսկ ավելին` կատարելագործել մեխանիզմը: Օրինակ, ԱԱՀ-ի հաշիվ-ապրանքագրերը, մենք դեռևս լրացնում ենք թղթային ձևով, իսկ Հայաստանում արդեն` էլեկտրոնային եղանակով: Մեզ նաև հաճելիորեն զարմացրել է հդմ-ների օն-լայն ռեժիմով ստուգման մեխանիզմը: Այս գործընթացները մեզ համար մեծ նորույթ են և մտադիր ենք ընդօրինակել ձեզանից":

Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել. ղազախական պատվիրակությունը ծանոթացել է նաև ՊԵԿ-ի` հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը, հետաքրքրվել "Call center" ստացվող հեռախոսազանգերի ընթացքից: Իսկ Արաբկիրի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունների սպասարկման կենտրոնում համոզվել բարեփոխումների արդյունավետության մեջ: "Մենք մեր աչքով ենք տեսնում այժմ այդ բարեփոխումների արդյունքը. այս ժամանակակից սպասարկման կենտրոնից ակնհայտ է պետական մոտեցումը. այսպիսի վառ, նորաոճ կենտրոն ոչ բոլոր եվրոպական երկրներում կա. թե աշխատակիցների, թե հարկատուների համար ստեղծված են բոլոր պայմանները` գործում են վճարային, տեղեկատվական տերմինալներ, կան նաև խորհրդատուներ",-ընդգծել է Ղազախստանի ֆինանսների նախարարության հարկային կոմիտեի նախագահի տեղակալը:

Ղազախստանի պատվիրակության ղեկավարը խոստովանում է, որ եվրոպական շատ զարգացած երկրներում են եղել, սակայն միշտ չէ, որ նրանց առաջավոր փորձը համատեղելի է մեր երկրներում: Դրական գնահատելով աշխատանքային նման հանդիպումները, կողմերն ընդգծել են, որ դրանք կնպաստեն հայ-ղազախական համագործակցության սերտացմանը:

Նշենք, որ երկու երկների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2010-ին կազմել է 14 միլիարդ 687 միլիոն, իսկ 2011-ի 9 ամիսների կտրվածքով` արդեն 27 միլիարդ 398 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, ներկրվել են պողպատե, մետաղե հարթ գլանվածքներ, ցորեն, իսկ արտահանվել` սպիրտային խմիչքներ և ոսկերչական իրեր: