29 մարտի 2011
«Հարկատու-3»-ը թեթԵՎացնում է գործարարների հոգսը
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող գործարարներն այսուհետ ստիպված չեն լինի մաքսատուն այցելել` թղթապանակ բացելու համար
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով վերացվել է հարկ վճարողներից պահանջվող ավելի քան հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին առնչվող բարեփոխումները ներկայացնելիս,  ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը,-«հարկային և մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը հնարավորություն տվեց էապես կրճատել հարկային և մաքսային մարմիններ դիմող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողներից պահանջվող տարբեր տեսակի տեղեկանքների, դիմումների, պատճենահանվող փաստաթղթերի թիվը: Մասնավորապես, եթե նախկինում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող քաղաքացին, կազմակերպությունը պետռեգիստրում գրանցվելուց հետո պետք է գնար տվյալ մաքսատուն և այնտեղ բացեր համապատասխան թղթապանակը` ներկայացնելով մի շարք տարբեր փաստաթղթերի պատճեններ, այցելելով համապատասխան հարկային տեսչություն, բանկ, և այնտեղից տեղեկանք ներկայացնելով, ապա այսուհետ պետռեգիստրում գրանցվելուց բառացիորեն մի քանի րոպե անց, «Հարկատու-3» ծրագրի միջոցով անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ տարածքային հարկային և մաքսային բոլոր ստորաբաժանումների համար: Իսկ համապատասխան թղթապանակը կբացվի արդեն ապրանքը ներկրելիս` առաջին իսկ մաքսային ձևակերպումն իրականացնելու ժամանակ, ինչն էլ գործարարներին թույլ կտա զերծ մնալ զանազան հիմնարկներ այցելելու անհրաժեշտությունից, անհարկի քաշքշուկներից, հերթերում սպասելուց, զանազան փաստաթղթեր պատճենահանելու անհրաժեշտությունից»:

Ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, «եթե նախկինում տնտեսվարող սուբյեկտը գրանցվելուց հետո պետք է ներկայանար մաքսատուն համապատասխան թղթապանակ բացելու համար, ապա այժմ դրա անհրաժեշտությունը վերացել է: Հարկ վճարողը իր ապրանքը ներմուծելուց հետո, առաջին գործարքի ժամանակ, միայն ներմուծման ձևակերպումներն իրականացնելիս պետք է այցելի տվյալ մաքսատուն: Մինչդեռ նախկինում լինում էին դեպքեր, երբ տնտեսվարողը տեղյակ չէր լինում թղթապանակ բացելու անհրաժեշտության մասին, և միայն ապրանք ներկրելիս` սահմանին էր տեղեկացվում այդ մասին ու կանգնում փաստի առաջ, ինչն էլ հարուցում էր քաղաքացիների արդարացի դժգոհությունը»: