28 փետրվարի 2011
Սեմինար-խորհրդակցություն հարկատուների համար` Արաբկիրի հարկային տեսչությունում
2010-ի տարեվերջից ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում հարկ վճարողների հետ` սպասարկման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների քննարկման ԵՎ օրենսդրական վերջին բարեփոխումներին նրանց ծանոթացնելու նպատակով:
2010-ի տարեվերջից ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում հարկ վճարողների հետ` սպասարկման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների քննարկման և օրենսդրական վերջին բարեփոխումներին նրանց ծանոթացնելու նպատակով: Բարեփոխումների գործընթացը մեկնարկել է հարկատուների համար սեմինար-խորհրդակցությունների կազմակերպմամբ, քանի որ հարկ վճարողների որակյալ սպասարկմամբ է պայմանավորված փոխվստահության մթնոլորտի ձևավորումը: 

Այս տարի առաջին նման սեմինար-խորհրդակցությունն էր կազմակերպվել Արաբկիրի հարկային տեսչությունում, որը վերակազմավորվել է նախկին Արաբկիր և Արաբկիր 1 տեսչությունների միավորման արդյունքում. “Բոլոր տարածքային հարկային մարմինների, այդ թվում Արաբկիրի հարկային տեսչության սպասարկման բաժինների  առջև խնդիր է դրվել ժամանակին իրազեկել հարկային օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխությունների, հարկ վճարողների պարտավորությունների մասին, ժամանակին և առանց խոչընդոտների ապահովել գրանցամատյանների, ՀԴՄ-ների և այլ փաստաթղթերի հաշվառումը, կնքումը և տրամադրումը”,- տեղեկացրել է Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը, ում խոսքով` այս խորհրդակցությունները հատկապես կարևոր են փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս անգամ, քննարկվող հարցերից էին Արտոնագրային վճարների մասով կատարված օրենսդրական վերջին փոփոխությունները. “Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից կոնկրետ հանձնարարականներ են տրվել հարկային մարմնի` սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին` հարկատուների հետ հանդիպումների միջոցով փորձել ձևավորել որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ: Դրանք կարող են նպաստել նաև օրենսդրական բարեփոխումներին”,- ասել է Ա. Կիրակոսյանը: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը  միտված են ինքնագնահատման համակարգի վերջնական կայացմանը, այսինքն` հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի և վճարի իր իրական հարկերը: