27 դեկտեմբերի 2011
Շիրակի մարզի հարկ վճարողները ԵՎս ունեցան իրենց սպասարկման կենտրոնը
ՊԵԿ-ը տարին ամփոփում է 10 նորաբաց սպասարկման կենտրոններով
Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: ՊԵԿ ղեկավարության կողմից հարկային տեսչությունների առջև հստակ խնդիր է դրվել. հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից, ցանկացած սպասարկման կենտրոնում հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվի իրականացնել հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված բոլոր ընթացակարգերը: 

Երևանում գործող 6 և մարզերի 3 սպասարկման կենտրոններին ավելացավ ևս մեկը` Գյումրիի ՏՀՏ սպասարկման կենտրոնը: Այսօր նորաբաց սպասարկման կենտրոն են այցելել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:  Նրանք եղել են ՏՀՏ հիմնովին վերանորոգված վարչական շենքում, ծանոթացել` աշխատանքային պայմաններին: Այնուհետև նորաբաց սպասարկման կենտրոնում Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրիի ՏՀՏ աշխատակիցների հետ: Գյումրիի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Գյումրի քաղաքի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջանների շուրջ 3800 գործող հարկ վճարողներին, որոնց մոտ 20 տոկոսն այսօր արդեն հանդիսանում է էլեկտրոնային եղանակով հարկ վճարող: Նշենք, որ այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: Գյումրիի ՏՀՏ-ում ևս մեկ ուշագրավ ցուցանիշ են արձանագրել. վերջին 6 ամիսների ընթացքում հաջողվել է կրկնապատկել ամսական ֆիսկալային հասույթների ծավալների հանրագումարը` 2,1միլիարդ դրամից հասցնելով 4միլիարդի: 2011թ. մայիսին սկսված շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել և ընդլայնվել է Գյումրիի ՏՀՏ վարչական շենքը, որտեղ կգործի նաև նորաոճ սպասարկման կենտրոնը` հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ  այլ պարագաներով` դրանով իսկ առավել դյուրացնելով հարկ վճարողների աշխատանքը: 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի խոսքով` «վերջին շրջանում անընդհատ բացվող սպասարկման կենտրոնները պետություն-բիզնես փոխհարաբերությունները գործընկերային ոլորտ փոխադրելուն ուղղված կառավարության քաղաքականության փաստացի վկայությունն են հանդիսանում: Հատկանշական է նաև այն փաստը, որ այս նորաբաց կենտրոնները մայրաքաղաքից բացի, բացվում են նաև մարզերում և սպասարկելու են մարզերի հարկ վճարողներին, ինչը էական նշանակություն ունի տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից»:  Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Տեսչություն այցելելիս հարկատուներն այլևս ստիպված չեն լինի իրենց հուզող հարցերը պարզաբանելու կամ  խնդիրներին լուծում տալու համար ավելորդ ժամանակ և միջոցներ վատնել` սենյակից սենյակ, հարկից հարկ անցնելով, այլ ցանկացած պատուհանից միանգամից կկարողանան սպառիչ պատասխան ստանալ: Արդյունքում` էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկատու շփումը: Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով` շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Ինչպես Երևանի և մարզերի մյուս տեսչությունների սպասարկման սրահներում, այստեղ ևս այցելուներին հասանելի տեղում տեղադրված են տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, գովազդային հոլովակների մոնիտոր, որոնք իրենց հերթին նույնպես կնպաստեն հարկ վճարողների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Սպասարկման գրասենյակները, որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ, Գյումրիի ՏՀՏ-ում ևս պահանջված են:  Օրինակ` Շիրակի կամ հարակից մարզերի հարկ վճարողները նոր գաղափարի իրագործման շնորհիվ կկարողանան հենց Գյումրիից ներկայացնել հաշվետվություն կամ համապատասխան փաստաթղթեր ուղարկել առանց մաքսատներ կամ մաքսակետեր այցելելու: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ Գյումրիի ՏՀՏ պետ Հրանտ Կարապետյանը, «դուք ինքներդ ականատես եղաք, թե նորակառույց ինչպիսի հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում են այսուհետ սպասարկվելու հանրապետության երկրորդ քաղաքի շուրջ 3800 գործող հարկ վճարողները, որոնց սպասրկման որակի բարձրացման նպատակով  նորաբաց սրահում այցելուների համար ստեղծվել են բոլոր պայմանները` հիմնված հարկային մարմին-գործարար հարաբերություններն առավել  փոխվստահելի դարձնելու նպատակակետին: Մեր տեսչությունում սպասարկվող հարկ վճարողների շուրջ 20 տոկոսն այսօր արդեն աշխատում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով, ինչը ՊԵԿ կողմից իրականացվող բարեփոխումների նկատմամբ վստահության բարձր ցուցիանիշի վկայությունն է հանդիսանում»,-նշել է ՏՀՏ պետը:      

Այսպիսով, Գյումրիի տարածքային հարկային տեսչությունում գործող նորաբաց սպասարկման կենտրոնում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ սպասարկելու համար: Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում: