25 մարտի 2011
Մաքսային ԵՎ հարկային ընթացակարգերի պարզեցմանը զուգահեռ ՊԵԿ-ը կատարելագործում է նաԵՎ հսկողության մեխանիզմները
ՀԲ-ի տնտեսագետ. «Անցյալ տարվանից ՊԵԿ-ը որդեգրել է բարեփոխումներն ավելի համակարգված ԵՎ մեկ ամբողջական ծրագրով իրականացնելու քաղաքականություն»
ՀԲ-ի տնտեսագետ. «Անցյալ տարվանից ՊԵԿ-ը որդեգրել է բարեփոխումներն ավելի համակարգված և մեկ ամբողջական ծրագրով իրականացնելու քաղաքականություն» 

Մարտի 25-ին պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Հայաստանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումները» թեմայով շնորհանդեսը` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հարկ վճարողների կողմից հարկային և մաքսային մարմիններին ներկայացվող դիմումների և այլ փաստաթղթերի կրճատման վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից իրականացված քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը և նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը ներկայացրեցին համապատասխանաբար մաքսային և հարկային ոլորտներում իրականացված լայնածավալ բարեփոխումները: Վերջին վեց ամսվա ընթացքում ՊԵԿ-ը վերացրել է ավելի քան հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումների, տեղեկանքների, հայտերի, փորձագիտական եզրակացությունների ներկայացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ պարզեցվել են ոչ միայն ՊԵԿ-հարկ վճարողներ ընթացակարգերը, այլ նաև ՊԵԿ-ի ներսում գործող մոտ երկու տասնյակ ընթացակարգեր, որոնք անուղղակիորեն առնչվում են հարկ վճարողներին: Մասնավորապես, ներդրվում է հարկ վճարողի գրանցման և հարկային մարմնում հաշվառման «մեկ պատուհան» սկզբունքը, կրճատվում և օպտիմալացվում են հարկային հաշվետվությունների քանակը և հաճախականությունը, վերացվում է որոշակի ապրանքներ ներկրելիս նախկինում պահանջվող նմուշառման անհրաժեշտությունը: Իհարկե, իրականացվող լայնածավալ բարեփոխումները ՊԵԿ-ի համար որոշակի ռիսկեր պարունակում են, բայց, ինչպես նշեցին բանախոսները, մաքսային և հարկային ընթացակարգերի պարզեցմանը զուգահեռ ՊԵԿ-ը կատարելագործում է նաև հսկողության մեխանիզմները:  

Բացի այդ, կարևորվեց ՊԵԿ նախագահի այն հանձնարարականը, ըստ որի, մաքսային համակարգի հետ առնչվող յուրաքանչյուր հիմնախնդիր քաղաքացիները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային հարկային ծառայություն և հակառակը, ու այնտեղից էլ ստանալ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները:

Բանախոսները բարձր գնահատեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և միջազգային կառույցների համագործակցությունը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերի և ներկայումս շարունակվող խորհրդատվությունների առնչությամբ: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը. «Անցյալ տարվանից ՊԵԿ-ը որդեգրել է բարեփոխումները նոր հունով, ավելի համակարգված և մեկ ամբողջական ծրագրով իրականացնելու քաղաքականություն: Մեր կարծիքով, սա ավելի ճիշտ մոտեցում է, քան նախկինում Համաշխարհային բանկի և այլ դոնորների աջակցությամբ իրականացվող հատվածային մոտեցումը: Հիմա ՀԲ-ի թիմը և ՊԵԿ-ը համատեղ բարեփոխումների վարկային նոր ծրագիր են մշակում, դրանք նպատակաուղղելով ինստիտուցիոնալ ոլորտ. հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոնների և էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրմանը»: