23 մարտի 2011
ՀՀ ՊԵԿ նախագահ. “Մեր երկրի գործարարն աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով է աշխատելու” կրճատվում է հարկ վճարողների կողմից ներկայացվող շուրջ 50 փաստաթուղթ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել համակարգի ղեկավարին կից գործող հասարակական խորհրդի հերթական նիստը` կազմում ընդգրկված գործարարների ԵՎ փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել համակարգի ղեկավարին կից գործող հասարակական խորհրդի հերթական նիստը` կազմում ընդգրկված գործարարների և փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ինչ աշխատանքներ են տարվել վերջին վեց ամսվա ընթացքում հարկային և մաքսային վարչարարության ոլորտում. օրակարգի գլխավոր հարցը սա էր: “Այդ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Խոսքը, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման մասին է: Բիզնեսը պետք է շատ ակտիվ ընդգրկվի այդ գործընթացին, որպեսզի ծագող խնդիրները միասին հարթելով առաջ գնանք”,- նշել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կոմիտեի ղեկավարի խոսքերով` պետք է հասնենք նրան, որ բիզնեսը հարկային-մաքսային մարմինների հետ առնչվելիս համոզվի` ՊԵԿ-ը ոչ թե հարկ հավաքող, այլ բիզնեսի իրական հարկերը ֆիքսող, օրենսդրությունը կիրառող մարմին է: “Մենք բիզնեսին բարձրակարգ ծառայություն ենք մատուցում, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրի գործարարը ևս աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով աշխատի: Աստիճանաբար բոլոր հարկային տեսչություններում սպասարկման սրահներ ենք ստեղծում: Ամբողջ համակարգը միասնական չափանիշներով է գործելու և տարբերվելու է մյուսներից` սկսած շենքերի դիզայնից, նեքին հարդարումից մինչ աշխատակիցների պահվածքն ու արտաքին տեսքը: Զուգահեռ զանգերի կենտրոն /CALL CENTRE/ ենք ստեծելու, որը ևս էապես կթեթևացնի բիզնեսի գործը”,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Հասարակական խորհրդի անդամները վստահ են, որ Կոմիտեի կողմից արմատական քայլ է արվում: Կարևորվում է հատկապես հարկ վճարողներից պահանջվող շուրջ 50 դիմումների և տեղեկանքների քանակի կճատումը: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկմամբ` գործարար դաշտը և նրանց հետ համագործակցող պետական ծառայողները պետք է լավ մարսեն այդ բոլոր նորույթները:  “Սրանք խիստ եվրոպականացված և համարձակ հեղափոխական քայլեր են: Այսպիսով շատ լուրջ փոփոխություն է կատարվում այս ուղղությամբ` նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, սուբյեկտիվիզմի դրսևորման առումով: Արդեն նկատում ենք, որ սպասարկման կենտրոններում  հաշվետվությունների ընդունման համակարգը քաղաքակիրթ դաշտ է տեղափոխվել. շփումն այդտեղ ոչ թե հարկային մարմնի, այլ երկու օպերատորի հետ է: Սա լավ հիմք է և արդյունավետ գործիք` հարկային վարչարարության էական բարեփոխում իրականացնելու համար:  Եթե մենք պահպանենք այս քաղաքական կամքը և բարեփոխումների ընթացքը, ապա մեկ-երկու տարվա ընթացքում, իրոք, էական առաջընթաց կունենանք: Դա նաև կարտացոլվի “Douing Business”-ի ցուցանիշներում, քանի որ մենք “կաղում” էինք հենց այդ հարցերում` թղթատարությունն ու բյուրոկրատական քաշքուկն էր շատ, նաև` գործարարի կողմից անհարկի ժամանակի վատնումը”:

Լրագրողների հետ հարցազրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ մանրամասն անդրադարձել է կրճատված դիմումներին. “Նախկինում հարկ վճարողը շատ դեպքերում պետք է պարտադրված այցելեր հարկային մարմին, այսօր արդեն այդպես չէ: Մինչ այժմ  հարկ վճարողը պարտավոր էր որևէ գործողություն իրականացնելիս` ամեն անգամ դիմումներ ներկայացնել` իր պարտավորությունների, կարգավիճակի, դրամարկղային, հաշվառման գրքեր գրանցելու, ՀԴՄ հաշվառման կամ հաշվառումից հանելու հետ կապված և այլն: Այդ պահանջն այսօր չկա: Փոխարենն ակտիվցնում ենք էլեկտրոնային շփումը և այդ գործառույթներն աստիճանաբար տեղափոխում հարկ վճարողների սպասարկման կենտրոն: Այսինքն` մենք հարկ վճարողին պետք է ծառայություն մատուցենք”:  

Նշենք, որ Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են լուրջ կազմակերպություններ, նաև` փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցներ: Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակ ժամանակացույց սահմանել, ըստ որի պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն ՊԵԿ ներկայացուցիչների և գործարարների միջև: Այդպիսով իրականացվող քայլերը մշտապես համատեղ  կքննարկվեն և փոփոխություններն արագ և արդյունավետ կտեղայնացվեն: