22 նոյեմբերի 2011
«Հարկատու-3»-ն` առաջին մրցանակակիր
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ, հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների հետ օրեր առաջ մասնակցել է Վրաստանում անցկացված «Կիբեռանվտանգության, տեղեկատվական ԵՎ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ-2011» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ, հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների հետ օրեր առաջ մասնակցել է Վրաստանում անցկացված «Կիբեռանվտանգության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ-2011» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս միջոցառման նպատակն է` խթանել մասնակից երկրների միջև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունն ու նորարության զարգացումը:

«Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում ներկայացվել են պետական հատվածի 11 խոշորագույն նախագծեր, այդ թվում` էլեկտրոնային նույնականացման քարտերի, էլեկտրոնային առողջապահության, մաքսային ավտոմատացված համակարգերի և այլն: Նույն անվանակարգում ներկայացվել են նաև Վրաստանի պետական եկամուտների ծառայության հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգերը: Այս նախագծերի շարքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» համակարգը ճանաչվել է լավագույնը:

«Հարկատու-3»-ը հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հարկային վարչարարության կազմակերպումը տեղափոխել ավտոմատ էլեկտրոնային կառավարման դաշտ, հարկ վճարողներից և հարկային տեսչություններից իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով ստանալ համապատասխան տեղեկատվություն և  արդյունքում առավելագույնս նվազեցնել ՊԵԿ աշխատակից-տնտեսվարող անմիջական շփումը, էլեկտրոնային անալիտիկ գործիքների միջոցով գնահատել ռիսկերը և նվազեցնել տնտեսվարող սուբյեկտների մոտ ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների քանակը` միաժամանակ այն դարձնելով առավել թիրախային, ինչը և մրցանակաբաշխության ժամանակ բարձր է գնահատվել հանձնաժողովի կողմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել են մրցանակաբաշխության մասնակիցները:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով, «Հարկատու-3»-ի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հարկ վճարողները սկսեցին օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, ՀԴՄ-ների շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել և հարկային հաշիվները դուրս գրել էլեկտրոնային եղանակով, իսկ հարկային մարմինն առաջին անգամ սկսեց գործնականում կիրառել ռիսկերի գնահատման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության, ԱԱՀ-ի գումարները պարզեցված ընթացակարգով վերադարձնելու, ինչպես նաև հարկ վճարողներին տարբեր ծանուցումներ հաղորդելու ավտոմատ կառավարման ենթահամակարգերը: ««Հարկատու-3»-ը շարունակելու է կատարելագործվել և համալրվել հարկ վճարողներին մատուցվող նոր էլեկտրոնային ծառայություններով»,-վստահեցրել է Միքայել Փաշայանը:

Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն անցկացվել է չորրորդ անգամ, մասնակցել են Եվրոպայի, ԱՊՀ երկրների 10-ից ավելի պատվիրակություններ:

Մրցանակաբաշխության արդյունքում ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգն ու վերջին երեք տարիների ընթացքում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները լավագույնն են տարածաշրջանում ու այդ հարցում Հայաստանը շարունակում է պահպանել առաջատարի կարգավիճակը: