21 դեկտեմբերի 2011
Հարկային գրասենյակները որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ գործում են նաԵՎ մարզերում
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այցելել է Քանաքեռ-Զեյթունի տարածաշրջանային ԵՎ ՍԵՎանի, Եղեգնաձորի հարկային տեսչությունների սպասարկման նորաբաց կենտրոններ
Դեռևս տարեսկզբին պետական եկամուտների կոմիտեն 2011-ը հայտարարել է սպասարկման որակի բարելավման տարի: Կոմիտեի նախագահի հանձնարարականով հարկային տեսչությունների առջև խնդիր է դրվել հարկ վճարողների սպասարկման մակարդակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել` նմանատիպ սպասարկման կենտրոնների հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից,  հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում` գրասենյակում իրականացնել հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված բոլոր ընթացակարգերը:

Տարեվերջին արդեն կարող ենք արձանագրել, որ 2011-ի ընթացքում հարկային տեսչություններում բացված ժամանակակից սպասարկման կենտրոնների գործունեությունն արդարացված է: Երևանում արդեն իսկ 5 այդպիսի սրահ կա` Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչություններում և Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի հարկային տեսչություններում:  

Երևանում հարկ վճարողների սպասարկման հերթական` վեցերորդ ժամանակակից կենտրոնն է այսօր բացվել Քանաքեռ-Զեյթունի տարածքում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաոճ կենտրոն էր այցելել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ հարկային ծառայությունն այս տարածաշրջանում հարկ վճարողներին ներկայանում է հիմնովին վերանորոգված երկհարկանի կառույցով, որի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը: Շենքային պայմանների բարելավումից, ընդարձակ ու նորաոճ սպասարկման սրահից բացի, այստեղ են գործում նաև կոմիտեի ուսումնական կենտրոնը` նորագույն սարքավորումներով վերազինված, նիստերի դահլիճ, ինչպես նաև մարզասրահ` համակարգի աշխատակիցների համար: Շենքի առաջին հարկում տեղակայված է սպասարկման նորաոճ սրահը` համալրված ժամանակակից տեխնոլոգիաներով և հարմարավետ աշխատասենյակներով:
 
Բարեփոխումների արդյունքում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է “մեկ պատուհանի” սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին սպասարկել ավելի արագ և արդյունավետ, դրանով իսկ` էապես նվազեցվում է տեսուչ-հարկատո շփումը: Քանաքեռ-Զեյթունի տարածքում գրանցված հարկ վճարողները, բարձր գնահատելով վերջին տարիներին ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, կարևորել են հատկապես  մեկ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման գաղափարը. “Հատկանշական է այն, որ մենք այս տարածաշրջանային սպասարկման կենտրոնից  կարողանում ենք նաև մյուս հարկային տեսչություններ ներկայացնել հաշվետվություններ, կատարել այլ գործառույթներ”:

Քանաքեռ-Զեյթունի ՀՏ սպասարկման բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանի խոսքով, բացի տեղեկատվական տերմինալից, սպասարկման սրահում գործում է նաև վճարային տերմինալ, որի միջոցով հարկատուները կարող են տեղում վճարել վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները: “Ապագայում նախատեսվում է ներդնել նաև “POS-տերմինալ”, որը հնարավորություն կտա “Tax-քարտեր”-ի միջոցով տեղում իրականացնել բոլոր տեսակի հարկային վճարումները` առանց բանկ հաճախելու”:

Հարկ վճարողների` միջազգային չափանիշներով սպասարկումն իրողություն է նաև մարզերում. Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնին հաջորդում է Սևանի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ սրահը` դրանով իսկ բոլորովին նոր մակարդակի բերելով տարածքային համաչափ զարգացումը նաև հարկային ոլորտում. սպասարկման գրասենյակները, որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ, Սևանի ՏՀՏ-ում ևս պահանջված են: Այսինքն, Գեղարքունիքի կամ հարակից մարզերի հարկ վճարողները նոր գաղափարի իրագործման շնորհիվ կկարողանան հենց Սևանից ներկայացնել հաշվետվություն կամ համապատասխան փաստաթղթեր ուղարկել առանց մաքսատներ կամ մաքսակետեր այցելելու:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ այցելել է նաև Սևանի տարածքային տեսչություն. շրջել է սպասարկման նորաբաց կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Ի դեպ, Սևանի տարածքային հարկային տեսչությունն այժմ նոր շենք ունի. մինչև հիմնովին վերանորոգված նոր կառույց տեղափոխվելը, տեսչությունը գործում էր Սևանի քաղաքապետարանի շենքում: Այժմ Սևանի հարկայինը հարկ վճարողներին նույնպես ներկայանում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր` երկհարկանի կառույցով, որի շինարարական աշխատանքները ևս սկսվել են այս տարվա գարնանը: Ինչպես Երևանի սպասարկման կենտրոնները, Սևանի տեսչության նորաոճ սպասարկման սրահը նույնպես տեղակայված է առաջին հարկում` հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ  այլ պարագաներով` դրանով իսկ ավելի հեշտացնելով հարկ վճարողների աշխատանքն ու ելումուտը: Սևանի ՏՀՏ սպասարկման բաժնի պետ Վարդուհի Հովհաննիսյանն ընդգծել է, որ “մեկ պատուհանի” սկզբունքի արդյունավետ գործունեությանը  հատկապես նպաստել է “Հարկատու-3”-ը: 

Իսկ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունը հարկ վճարողներին միանգամից ներկայանում է եռահարկ նորակառույցով` միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններով և բարձրակարգ սպասարկմամբ: Նշենք, որ մինչև հիմնովին վերանորոգված նոր շենք տեղափոխվելը տեսչությունը գործել է քաղաքի տարբեր մասնաշենքերում: Եղեգնաձորի ՏՀՏ-ի շենքի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից և ընդամենը մի քանի ամիս անց, այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` հարմարավետ աշխատասենյակներով և նորաոճ սպասարկման սրահով: “Այժմ բավականին դյուրացվել է մեր աշխատանքը. “մեկ պատուհանի” սկզբունքի շնորհիվ կարողանում ենք միանգամից սպառիչ պատասխան ստանալ”,-գոհունակությամբ նշել են Եղեգնաձորի հարկատուները:

 Կոմիտեի նախագահը շրջել է տեսչության նորակառույց շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Իսկ հարկ վճարողների հետ անմիջական զրույցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը հետաքրրքրվել է, թե ինչ ազդեցություն են ունեցել իրականացված բարեփոխումները նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա: Կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում միաժամանակ հարկային աշխատակցի մասնագիտական պատրաստվածության աստիճանն է, ինչում ևս Գագիկ Խաչատրյանը համոզվել է` նրանց հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ: Ի դեպ,  հենց սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: 

Ըստ Եղեգնաձորի ՏՀՏ պետի տեղակալ Արամայիս Սարգսյանի, գործունեության 20 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունը սեփական շենք ունի, շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար նա նշեց. “Այս ամենի շնորհիվ մեր աշխատանքը հիմա ավելի արդյունավետ է դարձել”: Եղեգնաձորի հարկատուներին ոգևորել է հատկապես “սպասարկման գրասենյակները որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ” կիրառելու սկզբունքը: 

Բոլոր տեսչություններում էլ  Գագիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել,  տվել կոնկրետ հանձնարարականներ. “Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում”-,վստահեցրել է կոմիտեի նախագահը: Ինչպես մայրաքաղաքում, տարածաշրջաններում նույնպես հարկային գրասենյակների` որպես մեկ միասնական տեղեկատվական կենտրոնի գործարկումը միանշանակ կնպաստի մարզերում սպասարկման որակի բարելավմանը: Այս ուղղությամբ բարեփոխումները շարունակական են լինելու և հարկ վճարողներն առաջիկայում ևս նոր փոփոխությունների ականատես կլինեն: Բարեփոխումների օրակարգում մյուս տեսչություններն են: