07 սեպտեմբերի 2012
Պարզաբանում
www.news.am լրատվական-վերլուծական գործակալության հրապարակման վերաբերյալ
www.news.am լրատվական-վերլուծական գործակալության հրապարակման վերաբերյալ

www.news.am լրատվական-վերլուծական գործակալությունը “Կառավարությունը մաքսային հեղափոխություն է նախապատրաստում. ՊԵԿ-ն ընդդիմանում է” հրապարակման մեջ սխալ հետևություն է արել` նշելով, որ պետական եկամուտների կոմիտեն իբրև թե ընդդիմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատրաստած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է վերացնել մաքսային սահմանին մաքսային արժեքի որոշման հետ կապված անորոշությունները:

Նախքան նախագծի բովանդակային կողմին անդրադառնալն անհրաժեշտ ենք համարում նշել, որ հրապարակման մեջ բերված մեկնաբանությունները իրականության հետ առնչություն չունեն և առնվազն անհասկանալի են, քանի որ, լինելով կառավարությանն առընթեր մարմին, ՊԵԿ-ը նախ և առաջ ինքն է նախաձեռնել, անմիջականորեն մասնակցել և այլ պետական մարմինների հետ համագործակցության եղանակով նպաստել նշված նախագծի ներկայացմանը և ՀՀ կառավարության քննարկմանը:

Ինչ վերաբերում է նախագծի բովանդակային կողմին, ապա նշենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով մաքսային արժեքի որոշման նպատակով ՊԵԿ-ը ոչ թե առաջարկել է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, այլ ճիշտ հակառակը` վերացնել օրենքի նախագծի 2-րդ հոդվածում տեղ գտած երկիմաստությունը և անհստակությունը, որպեսզի այդ դրույթը հերթական անորոշությունների պատճառ չհանդիսանա: Ավելի պատկերավոր լինելու համար նշենք, որ նախագծում հաշիվ-ապրանքագիրը հավասարեցված է վճարման փաստաթղթին, մինչդեռ հաշիվ-ապրանքագիրը հիմնական դեպքերում վճարային փաստաթուղթ չի հանդիսանում:

Հավելենք նաև, որ առաջարկը ոչ թե մերժվել է, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել և հանձնարարվել է երկօրյա ժամկետում համատեղ լրամշակել` հնարավոր անորոշություններից խուսափելու համար: