02 օգոստոսի 2010
Պարզաբանում "Առավոտ" օրաթերթի 31.07.2010թ.-ի հրապարակման վերաբերյալ
Մաքսային փոխադրողի գործունեությունը, այսինքն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը մեկ մաքսային մարմնից մյուսը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
"Առավոտ" օրաթերթի հուլիսի 31-ի համարում տեղ գտած "Ռեկետն էլ ո՞նց է լինում" հրապարակման վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքի 43-րդ և ՀՀ Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածների համաձայն, մաքսային փոխադրողի գործունեությունը, այսինքն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը մեկ մաքսային մարմնից մյուսը լիցենզավորման ենթակա գործունեություն է: Տեղեկացնենք, որ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար առայժմ լիցենզավորվել է միայն մեկ տնտեսվարող սուբյեկտ` "Վիլլա Տրանս" ՍՊԸ-ն. այս ընկերությունը մաքսային փոխադրողի լիզենզիա ստացել է 2009թ.-ի օգոստոսի 20-ին: "Վիլլա Տրանս"-ը գործում է Սյունիքի տարածաշրջանում և սպասարկում է միայն Մեղրիի մաքսային կետով իրականացվող բեռնափոխադրումները: Մյուս մաքսային կետերում նմանատիպ գործունեություն ծավալելու համար լիցենզավորման հայտեր ՀՀ ՊԵԿ-ն առայժմ չի ստացել: Եվ այդ պատճառով էլ լիցենզավորման պահանջն առայժմ կիրառվում է միայն Մեղրիի մաքսակետում: Մյուս մաքսային կետերում նույնպես մաքսային փոխադրողի ինստիտուտի ներդրումը մեծապես կբարձրացներ մաքսային հսկողության ենթակա բեռնափոխադրումների նկատմամբ իրականացվող հսկողության արդյունավետությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, այս պահին այլ մաքսակետերում մաքսային փոխադրողի գործունեություն ծավալելու վերաբերյալ լիցենզավորման հայտեր ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի ստացել, և "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, այդ մաքսային կետերով բեռնափոխադրումներ իրականացնողներին լիցենզավորման պահանջ առայժմ չի ներկայացվում:

Մեկ մաքսային մարմնից մյուսը մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումը մաքսային հսկողության կարևորագույն ռիսկերից է` կապված փոխադրման ընթացքում ապրանքների բեռնաթափման, լրաբեռնման և ապօրինի այլ գործողությունների իրականացման բարձր հավանականության հետ: Մաքսային փոխադրողը չեզոքացնում է այդ ռիսկը` ստանձնելով փոխադրման պատասխանատվությունը` դրանով իսկ երաշխավորելով փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներում գաղտնարանների բացակայությունը և մաքսային ապահովման միջոցների կիրառումից հետո տրանսպորտային միջոցի բեռնային մասի անձեռնմխելիությունը: Փոխադրման ընթացքում բեռի կորստի, որակազրկման, սահմանված ժամկետում բեռը նշանակման վայր չհասցնելու, փոխադրման ընթացքում մաքսային ապահովումները վնասվելու և փոխադրման ընթացքում մաքսային կանոնների ցանկացած այլ խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությունը կրում է լիցենզավորված անձը:

"Վիլլա Տրանս"-ի գործունեության արդյունքում էապես նվազել է տրանսպորտային միջոցներում գաղտարանների օգտագործմամբ մաքսանենգության ռիսկի հավանականությունը` Մեղրիի մաքսակետով իրականացվող բեռնափոխադրումներում:

Բացի այդ, նախկինում հարկային դաշտից դուրս գործող բազմաթիվ անհատ բեռնափոխադրողներ այսօր ստիպված են գործել հարկային դաշտում: Այս հանգամանքը, բնականաբար, չէր կարող դժգոհությունների տեղիք չտալ: Սակայն Պետական եկամուտների կոմիտեն մաքսային փոխադրողի ինստիտուտի ներդրումը և հետագա զարգացումը համարում է ռազմավարական խնդիր և այդ ուղղությամբ շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլեր: Նշված քայլերի համատեքստում կարևորագույններից մեկը լինելու սպասարկման որակի բարձրացմանն ուղղված պահանջների շարունակական ներկայացումը լիցենզավորված անձանց:

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ "Վիլլա Տրանս"-ը առանձին տնտեսվարող սուբյեկտ է և որևէ կապ չունի Պետեկամուտների կոմիտեի հետ:
Ինչ վերաբերում է "Վիլլա Տրանս"-ի կողմից սահմանված ծառայությունների սակագներին, ապա դա իրականացվում է տվյալ լիցենզավորված ընկերության և մաքսային փոխադրում իրականացնելու համար հանձնարարական տվողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, հետևաբար ՊԵԿ-ը իրավասու չէ միջամտել նրանց հարաբերություններին: Ընդգծենք նաև, որ մաքսավորը ոչ թե ներմուծողին ստիպում է "Վիլլա Տրանս"-ի օգտին մուծումներ կատարել, այլ պահանջում է բեռնափոխադրման ընթացքում պահպանել լիցեզավորման մասին ՀՀ օրենքի 43-րդ և ՀՀ Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածների պահանջները: