03 մարտի 2011
ՊԵԿ-ի պարզաբանումը www.lragir.am կայքի մարտի 2-ի հրապարակման վերաբերյալ
"Lragir.am" լրատվական կայքում հրապարակված "Մաքսազերծելիս գանձում են 5-պատիկը" հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դրանում մատնանշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
"Lragir.am" լրատվական կայքում հրապարակված "Մաքսազերծելիս գանձում են 5-պատիկը" հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դրանում մատնանշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հոդվածի հեղինակը սխալ է մեկնաբանել մաքսային օրենսդրությունը, ինչը կարող է թյուրըմբռնման տեղիք տալ, այդ պատճառով տեղեկացնում ենք, որ մաքսային մարմինների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-93 հոդվածներով սահմանված մաքսային արժեքի որոշման կանոններով: Մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված ՀՀ ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա մաքսային արժեք որոշելիս` մաքսային մարմիններն ուսումնասիրում են առևտրի իրականացման վայրերում(ավտոշուկայում) և ինտերնետային կայքերում առաջարկվող ավտոմեքենաների իրացման գները և, հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված նվազեցումները, հաշվարկում մաքսային արժեքը: "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ ԱԱՀ-ով չի հարկվում ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը, իսկ օրենքով` ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով, սահմանված է "անձնական օգտագործման իր" հասկացությունը: Այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին:

Հետևաբար, ներմուծվող անձնական օգտագործման ավտոմեքենան չի կարող դիտվել անձնական օգտագործման իր: Իսկ "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք նույնպես համարվում են ավելացված արժեքի հարկ վճարող: