14 մարտի 2011
Եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաԵՎ կտրոն պահանջողների քանակը
Այսօր ավտոմեքենաների բանալիները հանձնեցին շահողներին
Այսօր ավտոմեքենաների բանալիները հանձնեցին շահողներին
 
“Շատ անսպասելի էր շահումը. գնել էի վերանորոգման ներկեր, բայց չէի էլ պատկերացնի, որ ավտոմեքենա կշահեմ:  28 հազար դրամի առևտուր եմ արել և փոխարենը` շահել ավտոմեքենա”,-իր ուրախությունն է արտահայտում Սերինե Փիրուզյանը, ով եկել էր “Կիա Մոթորս Արմենիա” ՓԲԸ-ի գրասենյակ` ՀԴՄ կտրոններով վիճակահանությամբ շահած իր ավտոմեքենան ստանալու: 

Այս տարվա ընթացքում` հունվարին անցկացված առաջին վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին նախորդ տարվա վերջին եռամսյակի բոլոր կտրոնները, տրամադրվել է 30 ավտոմեքենա, իսկ ընհանուր առմամբ, տարեսկզբին 326 հազար շահում էր արձանագրվել:

 Փետրվարի 12-ին անցկացված հաջորդ վիճակահանության արդյունքում շահել է 94 հազար քաղաքացի` 2, 3, 4, 5 և 6 թվերի համընկնումներով. “6 թվի համընկնումով 3 քաղաքացի է շահել: 5 թվի համընկնումով էլ 100 հոգի է շահել, որոնցից, կախված գործարքի արժեքի մեծությունից, ևս 6 քաղաքացի կստանա “Kia Rio Standart” մակնիշի ավտոմեքենա”,- տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա, այս տարի շահումները զգալիորեն ավելացել են` նախորդ տարվա միջին վիճակագրական շահումների քանակի հետ համեմատած. “Այստեղից կարելի է նաև հետևություն անել` եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաև կտրոն պահանջողների քանակը”,- ասել է Ա. Մանուկյանը: